AM
12 February 2025 - 09:50 AMT

Շահրամանյանը պահանջել է Սիմոնյանից հրապարակավ ներողություն խնդրել․ ԱԺ նախագահն առաջարկել է դիմել նամակների բաժին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել բռնի տեղահանված արցախցիներից և ձեռնպահ մնալ արցախահայության պայքարը և հայրենիքի պաշտպանությունը նսեմացնող որևէ գնահատականից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Շահրամանյանը ակնկալում է նաև, որ Սիմոնյանը պարզաբանի իր խոսքերը՝ կապված Արցախից հնչած զանգերի և այսպես կոչված սահմանը բացելու խնդրանքի վերաբերյալ։

«Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Սամվել Շահրամանյանին՝ նրան առաջարկելով ոչ թե հրապարակային հայտարարություն անել, այլ հուզող հարցերով դիմել ԱԺ նամակների բաժին, հնարավոր է` ինքն արձագանքի, գրում է Sputnik Արմենիան։

«Թող նախ Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրաննիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել: Ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել: Եվ հետո, եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, և ես կքննարկեմ և միգուցե կարող է և պատասխանեմ, որևէ այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա»,–լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Այն հարցին, թե զղջո՞ւմ է իր երեկվա ասածների համար, Սիմոնյանը պատասխանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չի ասել:

«Ումի՞ց ներողություն խնդրեմ։ Ես Արցախի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որոնք ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները։ Նրանք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև այնտեղ իրենց ապագան, Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ դա կապում էին իրենց երկրից դուրս գալու հետ։ Ես ձեզ վստահեցում եմ, այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, հասկացել են։ Իսկ ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք զոհվել ես, երեկ էլ ԱԺ ամբիոնից ասել եմ ` փառք ու պատիվ մեր զինվորներին թե՛ Ղարաբաղից, թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստանից»,- ասել Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Արցախի պաշտոնյաները ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում, բայց Հայաստանի իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս:

«Լույսի փողը մենք վճարում էինք, իրենք ասում էին` Հայաստանը մեզ ոչինչ չի արել։ Չի կարելի, չէ՞: Չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է։ Իմ ասածն էմպատիա չի առաջացնում, բայց իմ ասածը ճիշտ է եղել»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է անուններ տալուն, Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք ու նույնիսկ պարտականություն ունի, և երբ ժամանակը գա, անուններ էլ կտա, բայց անունների կարիք էլ չկա:

«Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Մենք չենք ուզել, որ Ղարաբաղը դատարկվի: Երեկ ես ինչի՞ ջղայնացա, որովհետև լրագրողը եկել է, ինձ ասում է՝ ե՞րբ ենք վերադառնալու: Պետք չէր Ղարաբաղը դատարկել, պարզ է` ես չեմ ասում` կանայք և երեխաները պետք է մնային այնտեղ, յաթաղանը գար, մորթեր, սրա մասին չէր խոսքը: Այդ լոլոն, որ ուզում են հանրությանը ներկայացնել, չի անցնելու: Ես ասում եմ՝ ո՞նց է ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով` ավտոմատն ուսին, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով, մեկ օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և տեղահանում: Այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, Ղարաբաղը պատերազմի առաջին իսկ օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղը հայաթափեց ի վերջո»,- հայտարարել է նա:

Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։