AM
12 February 2025 - 10:18 AMT

ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Օրինագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ՝ 7։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ ներկայացված նախագիծը չի կարելի օրենք համարել, հայտնում է Factor.am-ը։

«ԵՄ անդամակցության գործընթացը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության իրավունքը վերապահված է կառավարությանը։ Սահմանադրությունը որևէ այլ անդամակցության մեխանիզմ չի նախատեսում, այդ թվում՝ թեկուզ օրենքի տեսքով որևէ նախաձեռնության մեկնարկ։ Ծայրահեղ դեպքում այս նախագիծը կարող է համարվել ԱԺ հայտարարություն կամ ուղերձ»,- ընդգծել է նա։

Օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Նրա ներկայացմամբ՝ վերջնական տարբերակը, որը հաստատվել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ընդգրկում է հետևյալ դրույթը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

«Օրենքը հայտարարում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որը կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը: Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը»,- նշել է նա։

Զեյնալյանի համոզմամբ՝ այս օրենքն արտացոլում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև գործող իշխանությունների կամքն ու վճռականությունը՝ միանալու առաջադեմ, քաղաքակիրթ ու զարգացած պետությունների ընտանիքին։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ներկայիս իշխանությունները կարող են առանց նոր օրենսդրական նախաձեռնությունների էլ քայլեր ձեռնարկել՝ Շենգենյան գոտու վիզայի ազատականացման կամ գոնե վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը։

«Այսպիսով, մեր կարծիքով՝ այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական, անիրատեսական, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված գործողություն է։ Մենք Եվրամիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Եվ կարծում եմ, որ այս իրողության մեջ այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս օրինագծի քվեարկությանը»,- եզրափակել է Օհանյանը։

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է քննարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որը սահմանված ժամկետում հավաքել է Ազգային ժողովին օրենսդրական առաջարկ ներկայացնելու համար պահանջվող ստորագրությունները։ Հունվարի 9-ին այս օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո այն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։