AM
12 February 2025 - 12:20 AMT

Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ»-ից կառաջադրվի Գյումրու քաղաքապետի թեկնածու

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ մտադիր է առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար։ Նա այդ մասին խոսել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մոտ օրերս հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու, բայց իշխանության հետ ոչ մի բանակցություն չկա, ոչ մի համագործակցություն չի կարող լինել»,– նշել է պատգամավորը, հայտնում է Sputnik Արմենիան։

Գյումրիում ծնված 44-ամյա Մարտուն Գրիգորյանը, որը պատգամավոր մանդատն առաջին անգամ ստացել է 2007 թվականին, ժամանակին եղել է «Բարգավաճ Հայաստան» և ՀՀԿ խմբակցությունների անդամ։

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են մարտ ամսին։

2024–ի հոկտեմբերին Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները վայր էին դրել իրենց մանդատները, այդ թվում նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ անկուսակցական Սարիկ Մինասյանը: