Հայոց ցեղասպանության թանգարանում անցկացվել են հրդեհաշիջման վարժանքներ, որոնք կազմակերպել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով։
Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ թանգարանը պատահական չի ընտրվել, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն, հայտնում է Արմենպրեսը։
«Մեզ նախապես տեղեկացրել էին միջոցառման մասին։ Այն կարևոր է մեզ համար՝ չնայած մեր անձնակազմը պարբերաբար ունենում է մարզումներ ու վերապատրաստումներ։ Այդուհանդերձ, հավելյալ պատրաստումը չի խանգարի։ Միջոցառումն առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է մեզ մոտ։ Անցյալ տարի վարժանքներն անցկացվեցին վարչական մասում, իսկ այս անգամ կազմակերպվեց հենց թանգարանում։
Հաշվի առնելով, որ մշտապես ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր արտակարգ պատահարների դեպքում կարողանանք արագ և ճիշտ արձագանքել։ Մեր շենքում, բնականաբար, ունենք հրշեջ միջոցներ, տարբեր տեղերում տեղակայված կրակմարիչներ, կան տարհանման սխեմաներ բոլոր սենյակներում։ Մեր հսկիչները պատրաստ են գործել այդ սխեմաների համաձայն։ Մեզ մոտ գործում է նաև հակահրդեհային համակարգ»,- տեղեկացրել է Գզոյանը։
ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը հայտնել է, որ հատուկ տակտիկական վարժանքի նպատակն է եղել հրշեջ-փրկարարների մարտական պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև թանգարանի աշխատակազմին արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտություններ փոխանցելը։
«Նման դեպքում պայմանական հրդեհի տարբերակով երկու մարտական հաշվարկ ներգրավվեց։ Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը թանգարանի աշխատակազմն իր ունեցած միջոցներով կազմակերպել էր հրդեհաշիջում։ Պայմանականորեն կային նաև տուժածներ։ Ժամանած հրշեջները կատարեցին բացազատում և հրդեհաշիջում, իրականացրին տարհանման աշխատանքներ, ինչպես նաև տուժածներին ցուցաբերեցին առաջին բուժօգնություն։ Այս ամենն իրականացվում է նախապես պլանավորված աշխատանքների շրջանակում»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Նա նաև ընդգծել է, որ փրկարար ծառայությունը լայնածավալ իրազեկման միջոցառումներ է իրականացնում ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ բուհերում, որպեսզի բոլորը տեղյակ լինեն արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու կանոններին, ծանոթ լինեն հրշեջ սարքավորումներին, անհրաժեշտության դեպքում կարողանան դրանք կիրառել, ճիշտ հաղորդակցություն ապահովել 911 ծառայության հետ, կազմակերպել նախնական տարհանում և տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն։