AM
13 February 2025 - 10:20 AMT

Փաշինյանն ընդդիմությանը մեղադրել է ադրբեջաներեն երգի տեսարանը բեմադրելու մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ընդդիմությանը մեղադրել է Երևանի Հանրապետության հրապարակում նկարահանված ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգի տեսանյութը բեմադրելու մեջ:

«Ամեն տենց տափակ տեսարանից պետք չի, որ հանրությունը ցնցվի։ Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար: Բայց ասում եմ՝ Ադրբեջան–բան, դրանք հեքիաթ են․ դա կոնկրետ նպատակով՝ Հայաստան-Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու համար է ժողովրդական մակարդակում»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա այդպես է արձագանքեր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, որը նշել է, որ աննախադեպ դեպք է տեղի ունեցել՝ օտարերկրյա քաղաքացիները երգել են Ադրբեջանի օկուպացիային նվիրված երգ, սակայն իրավապահ մարմինները, փոխանակ պարզելու դրա հանգամանքները, ձերբակալել են այն անձին, որը տարածել էր տեսանյութը։

«Միայն հանրային արձագանքի շնորհիվ չեք կալանավորել այն մարդուն, որ տարածել է այդ տեսանյութը, այդ մարդն այսօր ընդհանրապես զրկված է արտահայտվելու իրավունքից»,- ընդգծել է Վարդանյանը։

Նա հիշեցնելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որ եթե Հայաստանում չճնշվի ռևանշիզմը, ինքը դա կանի սեփական ձեռքերով։

Այնուհետև պատգամավորը հարց ուղղել է Փաշինյանին.

«Ես հակված եմ նրան, որ մեր առօրյայում հանդիպող երևույթները, որոնք չունեն տրամաբանական բացատրություն, պայմանավորված են Ձեր և Իլհամ Ալիևի ուղիղ բանակցություններով։ Հիմա ուղիղ հարց՝ Դուք Ալիևի հետ համաձայնեցված կետով այսպես կոչված ռևանշիզմի դեմ պայքարի կետ համաձայնեցրե՞լ եք»։

Այս հարցը ակնհայտորեն վրդովվեցրել է վարչապետին։ Նա հայտարարել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում, իսկ այն, ինչի մասին խոսում է ընդդիմադիր պատգամավորը, դրա մասն է կազմում։

«Որ ՀՀ կառավարությունն օտար տեղերից է կառավարվում, գրում են, տալիս են և այլն, Դուք ուղղակի չգիտեք, թե ինչի եք մասնակցում, որ նաև Ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստության, ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցության կողմից ԱԺ հարցուպատասխանի, ելույթների ընթացքում հնչում են նախադասություններ, ես Ձեզ չեմ մեղադրում, Դուք չգիտեք՝ էդ նախադասությունները որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել և գրվել, ես գիտեմ, որովհետև Ձեր բերանից հնչեցվելուց առաջ էդ նախադասությունն ուրիշ տեղերում հնչում է իմ ներկայությամբ և հնչում է որպես փաստարկ ՀՀ-ի դեմ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ չի զարմանա, եթե պարզվի, որ հենց ընդդիմության շրջանակում են վճարել Իրանի քաղաքացիներին՝ նրանց կանգնեցնելով հրապարակում, ստիպել երգել, նկարահանել տեսանյութը և տարածել՝ հայ-իրանական հարաբերությունները խաթարելու նպատակով։

Նա կոչ է արել հանրությանը չտրվել նմանատիպ սադրանքներին և չբորբոքվել ցանկացած «տափակ» տեսարանից։

Փաշինյանը շարունակել է մեղադրել ընդդիմությանը՝ պնդելով, որ նրանք իրենց գործունեությամբ ոչ միայն թիրախ են ցույց տալիս, թե որտեղ կարելի է հարվածել Հայաստանին, այլև լեգիտիմություն են ստեղծում դրա համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Աբազյանին՝ ընդգծելով, որ վարչապետի հայտարարությունները հանցագործության մասին հաղորդում են։

«Վաղը ես պարտավորված կլինեմ գրավոր դիմել ԱԱԾ պետին, էն ԱԱԾ–ին, որին Փաշինյանը ժամանակին հանձնարարում էր սատանաներ ման գալ, որ Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսի տեսնելու համար ով է գործակալը, ով ում ասածն է անում»,- նշել է Մանուկյանը։

Հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութում մի խումբ անհատներ հրապարակում կատարում էին Ղարաբաղին վերաբերող երգ ադրբեջաներեն լեզվով, ինչը հասարակության մեջ մեծ արձագանք է առաջացրել։ Հաջորդ օրն Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երգողներն Իրանի քաղաքացիներ են՝ հրապարակելով նրանց լուսանկարներն ու անուն–ազգանունները։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է փետրվարի 1-ին, սակայն դատարանը մերժել է նրա կալանավորման միջնորդությունը։

Փետրվարի 6-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է այս հարցին՝ վստահեցնելով, որ տարածված տեսանյութը որևէ նշանակություն չունի։