Արարատի մարզում 2024-ին վերականգնվել է պետությանը պատճառված 900 հազար դոլարի գույքային վնասը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի զեկույցի համաձայն՝ 2024-ին մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ, ինչը 415-ով ավել է 2023 թվականի 3960 վարույթից։ Մարզի դատախազների կողմից 2024-ին կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ 2023-ի 830-ի փոխարեն։
2024 թվականին քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով ընդունվել են եզրափակիչ դատավարական ակտեր, իսկ 1031 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատարան՝ 1068 անձի վերաբերյալ (2023-ին՝ 412 քրեական գործ՝ 440 անձի վերաբերյալ)։
Դատարան է ուղարկվել 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023-ին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ)։
Տարվա ընթացքում պետությանը և համայնքներին հասցված 346 միլիոն 616 հազար դրամի (մոտ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս վերականգնվել է, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա համայնքին վերադարձվել է 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք։ Համեմատության համար՝ 2023-ին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022-ին՝ 5 միլիոն 630 հազար դրամի։
Դատախազության միջնորդագրերի հիման վրա 2024-ին դադարեցվել է հանքարդյունաբերական ընկերություններից մեկի գործունեությունը, ինչպես նաև աշխատանքից ազատվել են երկու վարչական ղեկավարներ։
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում դատախազությունն իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք դեռ ընթացքի մեջ են, ինչպես նաև դատարան ներկայացրել 4 հայց՝ 105 միլիոն 185 հազար դրամի պահանջով։
Վարդան Պողոսյանը նշել է, որ մարզում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման կանխարգելման ուղղությամբ կատարվել են ուսումնասիրություններ, որոնց հիման վրա Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ՝ օրենսդրական փոփոխությունների նպատակով։ Ավելին, Դատախազությունը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է պետական ու համայնքային շահերի պաշտպանության շարունակական վերահսկողությունը և ընդգծել, որ վերականգնված գույքն ու դրամական միջոցները պետք է ծառայեն հանրօգուտ նպատակների։ Նա դատախազության աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ սահմանելով հստակ ժամկետներ դրանց կատարման համար։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, դատախազության ներկայացուցիչներ և այլք։