ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ քննարկում չկա։
«Եթե նախատեսված լինի՝ կառավարության գործընկերները պատեհ պահին նախապես կիրազեկեն այդ մասին»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև ասել է, որ ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ՝ պատասխանելով այն հարցին, թե եվրաինտեգրման վերաբերյալ օրինագիծն ու ամբողջ գորընթացն ուղղված չե՞ն արդյոք ՌԴ-ի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,- ասաց Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված տոնակատարությանը Մոսկվայում։