Արցախի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ դրանք դիտարկելով որպես որպես հայ ժողովրդի պառակտման դրսևորում և Արցախի ժողովրդի արժանապատվության նվաստացման փորձ:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
Արցախի համար ազգային-ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է: Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք: Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ»:
Հայտարարությանը միացել են ԱԺ մի շարք պատգամավորներ՝ Բաղունց Գագիկ, Գրիգորյան Արամ, Գալստյան Դավիթ, Մոսիյան Արթուր, Մելքումյան Դավիթ, Դանիելյան Աշոտ, Գրիգորյան Նելլի, Թովմասյան Արթուր, Ավանեսյան Էլեոնորա, Ավագյան Արեգ, Բաղրյան Իլիչ, Աղաբեկյան Էդուարդ, Կասյան Վլադիմիր, Աթայան Կարինե, Հակոբյան Արմեն, Հարությունյան Վիգեն, Հարությունյան Արամ, Ղալայան Լեռնիկ, Հակոբյան Մետաքսե, Ստեփանյան Գեղամ, Բալայան Վահրամ, Սարգսյան Գոհար, Հովհաննիսյան Կարեն, Սարգսյան Դավիթ:
Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։