ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Արման Գրիգորյանի՝ Security Studies պարբերականում հրապարակված հոդվածին՝ նշելով, որ Գրիգորյանի տեսությունը Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու յուրօրինակ մի բանալի է։
Ըստ նրա՝ աշխատությունը նաև օրինակ է, թե երբ և ինչպես կարող են քաղաքագիտական տեսություններն օգտակար լինել իրական աշխարհի խնդիրները հասկանալու համար։
«Վերջապես առիթ ունեցա կարդալու Արման Գրիգորյանի՝ անցյալ տարի Security Studies պարբերականում հրապարակված «Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը» հոդվածը, որը թարգմանաբար հրատարակվել էր նաև Իլուրում (2024. թ.-ի հոկտեմբերի 5, 6, 7, 8, 9)։
Կարծում եմ, որ սա ոչ միայն այդ պատերազմի պատճառների մասին գրված համոզիչ ու հետաքրքիր աշխատություն է, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքական ու մտավորական կյանքի խեղված էվոլյուցիայի կարևոր վերլուծություն։
Աշխատությունը նաև օրինակ է, թե երբ և ինչպես կարող են քաղաքագիտական տեսություններն օգտակար լինել իրական աշխարհի խնդիրները հասկանալու համար։
Հեղափոխությունների՝ որպես բացասական սելեկցիայի մեխանիզմների մասին Գրիգորյանի տեսությունը Հայաստանին (և ոչ միայն) պատուհասած աղետը հասկանալու յուրօրինակ մի բանալի է։ Նման աղետները հասկանալ ցանկացողները պարզապես պարտավոր են կարդալ այդ հոդվածը»,–գրել է նա։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։