Երևանի Կենդանաբանական այգում առաջին անգամ զեբրի ձագ է ծնվել։ Այդ մասնին նշեց Երևանի կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:
Այգում բարեկարգման և նոր ազատավանդակների տեղադրման աշխատանքները շարունակվում են, հայտնում է Արմենպրեսը։
Փոխտնօրենը, խոսելով 2024 թվականի ծրագրերի մասին, նշել է, որ կենդանիների համար կառուցվել են երկու նոր ազատավանդակ, որտեղ առաջիկայում կտեղափոխվեն կենդանիներ, իսկ զեբրերն արդեն ունեն նոր ազատավանդակ։
«Արդեն պատրաստի նոր ճաղավանդակներ ենք տեղափոխել պսակակիր կռունկներին, որոնք Աֆրիկյան տեսակներ են՝ միջազգային Կարմիր գրքում գրանցված: 2024 թվականի կարևոր ձեռքբերումներից է նաև Կարմիր գրքում ընդգրկված մի քանի կենդանիների բազմացման ուղղությամբ տարվող աշխատանքները, օրինակ՝ մորուքավոր և սպիտակ անգղերի»,- նշել է Ասլանյանը։
Նրա խոսքով՝ այգու պաշտոնական բացմանը՝ մայիսի մեկին ընդառաջ, նոր ազատավանդակում կցուցադրվեն աֆրիկյան բորենիանման շները, որոնք թեև այգում են, սակայն դեռևս չեն ներկայացվել հանրությանը։ Այս պահին ընթանում է նաև սպիտակ վագրի համար նախատեսված ազատավանդակի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել մինչև հունիսի մեկը։
«2025 թվականի ընթացքում պլանավորում ենք մի շարք թռչունների համար նոր ազատավանդակներ կառուցել՝ դուրս բերելով դեռ խորհրդային տարիներից պահպանված հին և վթարային վանդակները: Նորերը կկառուցենք տարվա ընթացքում, որից հետո կենդանիները կտեղափոխվեն այնտեղ։ Այս պահին նոր կենդանիներ ձեռք բերելու ծրագիր չկա, սակայն շարունակելու ենք Կարմիր գրքում գրանցված կենդանիների բազմացման աշխատանքները»,- ասել է Ասլանյանը։
Նա հավելել է, որ ներկայումս նախագծման փուլում է Դիլիջանի ազնվացեղ եղջերուների կենտրոնից մի քանի առանձնյակի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի, ինչը թույլ կտա ոչ միայն ցուցադրել այդ կենդանիներին, այլև մասնակցել նրանց վերարտադրության ծրագրին։ Այս եղջերուները Հայաստանում բնօրինակ պոպուլյացիա չունեն, և այժմ նրանց բազմացման ու վերաբնակեցման միջազգային ծրագիր է իրականացվում։ Նրա խոսքով՝ ծրագրին միանալու և կենդանաբանական այգի մի քանի առանձնյակ տեղափոխելու թույլտվությունն արդեն ստացվել է։
Փոխտնօրենը նշել է, որ այգին ծրագրում է նաև հայկական մուֆլոնների վերարտադրության ծրագիր, քանի որ այս տեսակը ևս Հայաստանի տարածքում անհետացման վտանգի տակ է։
«Մենք այժմ այգում ունենք այս կենդանիների կայուն բազմացող խումբ, սակայն ցանկանում ենք ծրագիրը զարգացնել, որպեսզի հետագայում ստացված սերունդը կարողանանք վերաբնակեցնել վայրի միջավայրում»,- ասել է Ասլանյանը։
Խոսելով փղի նոր ազատավանդակի կառուցման մասին՝ նա ընդգծել է, որ ծրագիրը մեծածավալ ֆինանսավորում է պահանջում, ինչը կենդանաբանական այգին իր միջոցներով չի կարող իրականացնել։
«Դիմել ենք քաղաքապետարանին, որտեղից համապատասխան բաժինը հայտնել է, որ այս տարի նախատեսված է փղի ազատավանդակի կառուցման համար անհրաժեշտ գումար տրամադրել։ Այս նոր տարածքը հնարավորություն կտա մեր փղիկի համար նոր ընկերներ կամ զուգընկերուհի գտնել»,- նշել է Ասլանյանը։