AM
14 February 2025 - 11:50 AMT

Երևանում բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին

Բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշել է, որ անընդունելի միջադեպ է տեղի ունեցել:

«97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,–ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: