AM
14 February 2025 - 12:14 AMT

Սիմոնյան․ Պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին ու իր հասցեին հնչող քննադատություններին, Տելեգրամի իր ալիքում գրել է, որ «պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում»։

Նա անդրադարձել է նաև Էդգար Ղազարյաին առնչվող դատարանի որոշմանը։

«1) Էդգար Ղազարյանին դատարանը պարտավորեցրել է 1,150,000 դրամ վճարել ինձ և ներողություն խնդրել, դրանից հետո նա իրեն թույլ է տվել վիրավորել դատավորին, ինչն անընդունելի եմ համարում: Կարծում եմ նա կբողոքարկի այս վճիռը, բայց վերջում, միևնույնն է, ներողություն կխնդրի և կվճարի օրենքով սահմանված գումարը: Մի խոսքով՝ երկու երնեկ մեկ տեղ:

2․ Իրեն լրագրող անվանող, իմ անունը շուրթերին արթնացող և քնողը «հերթական վիրավորանքն է հնչեցրել իմ հասցեին, ինչի բերումով կրկին դատարանում պատասխանողի կարգավիճակ կստանա, սա արդեն երրորդ անգամ, իսկ արդյունքը, վստահ եմ, կլինի նույնը, ինչ առաջին դեպքում:

3․ Մի շարք քաղաքացիներ, իրենց պաշտոնյաներ անվանելով, ինչ-որ հայտարարություն են տարածել՝ հերթական անգամ փորձելով իմ՝ նաև իրենց ասածը բոլոր մարդկանց վերագրել և հետո պաշտպանել՝ այդպես էլ չհասկանալով, որ նախ՝ ինձնից չէ, որ պետք էր կամ պետք է պաշտպանել, և պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում՝ «դիվանին» նստած»,–գրել է նա։

Արցախի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ դրանք դիտարկելով որպես որպես հայ ժողովրդի պառակտման դրսևորում և Արցախի ժողովրդի արժանապատվության նվաստացման փորձ:

Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

Ընթերցեք նաև․ Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից և 1․1 մլն դրամ վճարել