Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, որն ընդգծել է երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ կարևորելով բարեկամական խմբերի փոխայցերը։
Խանդանյանը, Ազգային ժողովի անունից հանդես գալով, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի խորհրդարանական գործընկերներին՝ դժվարին պայմաններում կատարած խիզախ աշխատանքի համար։
Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին:
Նա շեշտել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացների մանրամասները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ռուսլան Ստեֆանչուկը, անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու երկրի ժողովրդավարական զարգացման ուղուն։