AM
14 February 2025 - 14:39 AMT

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. Հուշագիր է ստորագրվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղում գտնվող Կապտավանք եկեղեցու (12-րդ դար) ամրակայման և վերականգնման համար։

Հուշագրի ստորագրումը հիմնավորվել է պատմամշակութային ժառանգության արժեքի և այն հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտության կարևորությամբ։ Նախատեսվում է խթանել պատմամշակութային հուշարձանների պահպանումը, դրանց օգտագործումն ու ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում։

«Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են նաև հանրային մասնակցությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է աջակցել հուշարձանապահպան նախաձեռնություններին։

Բարերար Արման Մայիլյանը, խոսելով պետության հետ համագործակցության կարևորության մասին, ընդգծել է, որ հուշարձանի վերականգնման աշխատանքները կիրականացվեն սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը կմատակարարի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը, կքննարկի դրանք նախարարության գիտամեթոդական խորհրդում և կտա եզրակացություն, ինչպես նաև մասնագիտական ու իրավական աջակցություն կցուցաբերի աշխատանքների ընթացքում։ Բարերարն իր միջոցներով կիրականացնի վերականգնման աշխատանքները և նախարարությանը կներկայացնի հեղինակային, տեխնիկական հսկողությունների ու կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը՝ նախատեսված աշխատանքների թույլտվություն ստանալու համար։