AM
17 February 2025 - 06:52 AMT

Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը` փետրվարի 17–ին

Փետրվարի 16–ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։ Այդ մասին հայտնել են նրա հարազատները:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել Իշխանյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի»,–գրել է Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Սերժ Սարգսյանը գրել է, որ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին։

«Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,–ասվում է գրառման մեջ։

Ավետիք Իշխանյանը հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանի որդին է։ Ավետիք Իշխանյանը 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը։ 1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1996 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարում էր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։