AM
17 February 2025 - 08:20 AMT

Մարությանը հորդորում է տեսագրել վարորդների ապօրինի գործողությունները

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում խոսել է ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին՝ անդրադառնալով նաև ուղևորների իրավունքներին։

Նա հորդորել է քաղաքացիներին տեսագրել վարորդների ապօրինի գործողությունները և ուղարկել համապատասխան մարմիններին։

Մարությանը միևնույն ժամանակ խնդրել է համաքաղաքացիներին, որ վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնեն, քանի որ վարորդներն իրենց կամքով չեն խոչընդոտում ակցիաներին։

«Այս շաբաթ փորձել ենք մաքսիմալ շատ երթուղիներ նստել, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչպես նաև կանխարգելենք այնպիսի դեպքերը, երբ օրինակ վարորդը կամ հսկիչը թույլ չի տալիս, որ ուղևորն առանց վճարելու նստի կամ փորձում է իջեցնել ուղևորին։ Դա ապօրինի գործողություն է։

Ես շատ եմ զրուցել վարորդների հետ, գիտեմ իրենց մոտեցումները, նրանց ընտանիքներն էլ նույնպես վճարելու հետ կապված խնդիրներ ունեն։ Սիրելի վարորդներ, խնդրում եմ մի կատարեք վերևից եկած հրամանները, դրանք ապօրինի են»,- ասել է նախկին քաղաքապետը։

Մարությանը հավելել է, որ վարորդներն ու հսկիչները իրավունք չունեն ուղևորներին ստիպել դուրս գալ տրանսպորտից չվճարելու դեպքում, քանի որ դա համարվում է անօրինական։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: