Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ որոշ թվով քաղաքացիներ շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար։
«Քաղաքացիների որոշ քանակ, այնուամենայնիվ, շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց, այնուամենայնիվ, կա»,- հայտարարել է նա, գրում է Radar.am-ը։
Ավինյանի կարծիքով, այս հանգամանքը հանգեցնում է տարբեր միջադեպերի, երբ վարորդների նյարդերը տեղի են տալիս։
«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել ավտոբուսի վարորդներին։ Դա էլ նույնպես հասկանալի է։ Չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- նշել է նա։
Քաղաքապետը անդրադարձել է նաև մի միջադեպի, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող քաղաքացուն հայտնի չի եղել, որ ինքը կարող է երթևեկել անվճար։ Այս տեսանկյունից նա կարևորել է իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
«Ինչ վերաբերում է բոլոր այն անձանց, որ այս կամ այն պատրվակով արդարացում են գտնում, որ տրանսպորտի համար չվճարեն։ Ուզում եմ այդ մարդիկ գիտակցեն, որ 850,000 մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, ոչ միայն Երևանում բնակվողների, այլ՝ ՀՀ 850,000 քաղաքացու համար Երևանի ավագանին սահմանել է արտոնություն»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետը հայտարարել է, որ ուղևորափոխադրման համար չվճարողների պատճառով տրանսպորտային ոլորտում կարող են խնդիրներ առաջանալ, այդ թվում՝ պլանավորված տրոլեյբուսների ձեռքբերման հետ կապված, հայտնում է 1lurer.am-ը։
Նա նաև առաջարկել է միջոցների կիրառման անցնել չվճարողների նկատմամաբ։
«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։
Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- հայտարարել է քաղաքապետը։






