Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնել է, որ անցած տարի Ամիրյան, Քոչինյան ու Զաքյան փողոցներում ամբողջական ասֆալտապատման ու միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն, նախորդ ամսվա ընթացքում պարզվել է, որ այդ տարածքներում, հավանաբար՝ գիշերվա ընթացքում, առանց թույլտվության ասֆալտբետոնե ծածկի նոր շերտ է անցկացվել, ինչը բացի չարտոնված լինելուց, նաև որակական խնդիրներ ունի։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գործընկերներին խնդրեցի, որպեսզի իրականացնեն քանդման աշխատանքներ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը, հայտնում է 1tv.am-ը։
Նա հավելել է, որ նման դեպքերի արձանագրման դեպքում դիմելու են ոստիկանություն՝ պարզելու, թե ովքեր են վնասում համայնքային ունեցվածքը։
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաև Կոմիտասի պողոտայում, որտեղ գազատար խողովակի միացման աշխատանքներից հետո կատարվել է անորակ ասֆալտապատում։ Նույն իրավիճակը եղել է նաև Պարոնյան փողոցում. այստեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, սակայն քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատումը համապատասխանեցվել է անհրաժեշտ չափանիշներին։
Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանը այսուհետ թվային հարթակներում կհրապարակի, թե որ փողոցներում է նախատեսվում ասֆալտապատում կատարել և ինչ ժամկետներում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայնել է փոխքաղաքապետի դիտարկումների հետ։
«Ե՛վ Զաքյան, և՛ Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտությունն այդտեղ, նամանավանդ՝ առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, գողեգող, և այդտեղ, այո՛, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է նա։