AM
17 February 2025 - 13:51 AMT

Սիմոնյան․ Կարճ ասած՝ Եվրամիությունը=Եվրոռեմոնտ, բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ նշելով, թե դա «Եվրամիությունը=Եվրոռեմոնտ, բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա» ասուլիս էր։

«Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված է Աբխազիան և Օսեթիան:

Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս!

Արժե՞ր ասուլիս անել ու ասել, որ Կարեն Դեմիրճյանին ես կրել ու Ստեփան Դեմիրճյան այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դու երբևէ ոչ մեկին չես կրել:

Արժե՞ր ասուլիս տալ Մարգարիտա Սիմոնьյանին ու Լուկաշենկոյին պաշտպանել: Արժե՞ր Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման՝ այդպես էլ ոչ մի նոր բան չասելով:

Վերջապես, արժե՞ր ասուլիս տալ ու ասել էն, ինչ Զախարովան 2 տարի է ասում է: Կարճ ասած ՝ Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է ավելի հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան»,–գրել է նա։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ գրելով, որ էմոցիաները հաճախ կոտրում են այն գաղտնիքները, որոնք խելքը տարիներով փորձել է պահել։

«Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում փաստացի ինքնախոստովանեց և բացահայտեց «Հոկտեմբերի 27»-ը՝ ասելով, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր Մեղրիի բանակցությունների բոլոր մանրամասներից:

Թերևս տեղյակ էր, դեմ էր, դրա համար էլ սպանվեց ու իր մահով կանխեց, որ չհանձնվի…

Ագնեսը լավ հասկացավ սայթաքումը, սանձարձակ ու զարգացման խնդիր ունեցող երեխային պաշտպանող ծնողի նման սկսեց աղաղակել՝ փակենք այս թեման, այս թեմայով էլ հարցեր չլինեն…

Հարավային Ավստրալիայի անապատային շրջաններում հայտնի թայպան օձի հայկական այս մարմնացման թույնի արտանետման միակ պատճառը նրա ազատությունն է, որին նա արժանի չէ»,– գրել է Խաչատրյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականության հարցերին։