AM
17 February 2025 - 14:41 AMT

Քոչարյանը «Ա1+»-ի մասով ՄԻԵԴ որոշումը որակել է Եվրոպայի կողմից կիրառված կրկնակի ստանդարտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մամուլի ասուլիսի ընթացքում, արձագանքել է լրագրողի դիտարկմանը, թե թեև նա ու իր թիմը հաճախ մատնանշում են գործող իշխանության կառավարման թերությունները, սակայն գոյություն ունի տեսակետ, որ գործող իշխանության համար նա լավագույն ընդդիմությունն է։

Լրագրողը հիշեցրել է, որ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում փակվել է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, ինչի անօրինականությունը հետագայում հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով, ինչի հետևանքով ՀՀ բյուջեն կրել է մի քանի տասնյակ հազար եվրոյի վնաս, հայտնում է «Առավոտը»։

Դրան ի պատասխան, Քոչարյանը հեգնանքով արձագանքել է․ «Օքեյ, էդ ի՜նչ ողբերգություն էր։ ՀՀ անվտանգությունը դրա պատճառով սասանվեց, սահմանում մենք տվեցինք 5․5 հազար զոհ․․․»։

«Ա1+»-ի մասով ՄԻԵԴ որոշումը նա որակել է Եվրոպայի կողմից կիրառված կրկնակի ստանդարտ։

Քոչարյանը նաև պնդել է, որ իրականում «Ա1+»-ն այդ ժամանակ երկու սենյակից ու մի տաղավարից բաղկացած կազմակերպություն էր։

Նրա խոսքով, հեռուստաընկերությունը մասնակցել է հաճախականության մրցույթին՝ տրամադրելով ընդամենը երեք էջից կազմված ձեռագիր առաջարկ։

«Մրցակիցը, եթե չեմ սխալվում, «Կենտրոնն» էր, մասնագետ էին վարձել, ներկայացրել մի առաջարկ, որը մի պատկեր էր տալիս։ Հանձնաժողովի նախագահը գիտե՞ք ինչ, հետո ասեցի՝ խի՞ եք սենց արել։ Ասում է՝ սենց էր, ես ի՞նչ անեի»,-ասել է Քոչարյանը։

Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե իր ղեկավարության տարիներից հատկապես որ իրադարձությունն է ամենից շատ տպավորվել հասարակության հիշողության մեջ, ինչը նրանց կարող է դրդել ներկա իշխանությանը նախընտրելու։

Քոչարյանը պատասխանել է․ «Դուք մտածում եք, որ հնարավոր է երկրում ունենալ նշանակովի ընդդիմությո՞ւն․ ես դրան չեմ հավատում։ Սա այն դեպքն է, որ չի լինում ոչ նշանակովի ընդդիմություն, ոչ նշանակովի առաջնորդ։ Սա լուրջ մրցակցային դաշտ է եւ այդ դաշտում ամեն մի քաղաքական ուժ հնարավորություն ունի դրսեւորվելու»։

Այնուհետև նա ներկայացրել է իր կառավարման տարիներից մի շարք իրադարձություններ՝ ընդգծելով, որ այդ շրջանում առաջնագծում զոհերի թիվը նվազագույնն է եղել, երկիրը ապրել է իր ամենախաղաղ ժամանակահատվածը, միջին աշխատավարձը հնգապատկվել է, իսկ գնաճը կազմել է երեք տոկոս։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականության հարցերին։