Կրթության զարգացման ռազմավարության շրջանակում 10 մանկապարտեզում արդեն սկսվել են աշխատանքները, որոնք ուղղված են 0-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայության ներդրմանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում։ Այդ փոփոխությունների շրջանակում հաստատվել է պիլոտային ծրագիր, ըստ որի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը 0-2 տարեկան երեխաների կրթությունը կֆինանսավորվի պետական բյուջեից։
«Այժմ արդեն մեր կողմից ընտրվել է 10 մանկապարտեզ, որոնցից որոշները նորակառույցներ են, որոշներում դեռ աշխատանք կա անելու` վերանորոգման և խմբասենյակները կարգի բերելու կարիք կա: Չունենք նաև փոքրիկների համար նախատեսված գույքի ցանկ և տեխնիկական բնութագրեր, որոնց ուղղությամբ այժմ նույնպես աշխատանքներ են տարվում:
Նախարարի հրամանով՝ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների գույքի ցանկը վերանայվել է: Այնտեղ ավելացվել են մանեժներ, փոքրիկների համար օրորոցներ, տակդիրներ փոխելու սեղաններ, այսինքն՝ այնպիսի գույք, որը երբևէ չի եղել մեր մանկապարտեզներում: Այժմ կազմվում են ավելացված գույքի տեխնիկական բնութագրերը, և առաջիկայում նախարարության կողմից կկազմակերպվի գնումը»,-նշել է Սվաջյանը։
Փոխնախարարը կարևորել է նաև սննդային նորմատիվների սահմանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս տարիքի երեխաների համար նախադպրոցական ծառայություն նախկինում չի գործել, հետևաբար համապատասխան սննդային նորմատիվներ դեռևս չկան, սակայն մանկապարտեզները չեն կարող գործել առանց դրանց։
«Ներկայում առողջապահության նախարարության հետ աշխատում ենք, որպեսզի սննդային նորմատիվները մշակվեն: Երբ այս բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացված լինեն, մենք կկարողանանք խմբերը բացել: Գիտեմ, որ այն համայնքներում, որտեղ խմբակները գործելու են՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում, ծնողների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա: Նույնիսկ արդեն հերթագրումներ կան»,- ասաց ԿԳՄՍՆ փոխնախարարը։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մանկավարժների վերապատրաստման գործընթացը նույնպես մեծ կարևորություն ունի։ Նա ընդգծել է, որ ԿԶՆԱԿ հիմնադրամը մշակել է հատուկ վերապատրաստման ծրագիր 0-ից 2 տարեկան երեխաների հետ աշխատող մանկավարժների համար, որը պատրաստ է, սակայն դեռևս չի մեկնարկել, քանի որ խմբերը դեռ չեն գործում։
Փոխնախարարը հավելել է, որ յուրաքանչյուր ընտրված մանկապարտեզում նախատեսվում է ընդունել մոտ 20 երեխա։