Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քաղաքային տրանսպորտի վարորդներին հրաման է տրված տրանսպոտրտի թանկացման դեմ բողոքողներին իջեցնել ավտոբուսից։
«Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել։ Ապօրինի հրաման են տվել վարորդներին, ոչ բարեփոխված թանկացվող տրանսպորտի դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնել ավտոբուսներից։
Բոլորը պատասխան են տալու նման արարքի համար ու չկասկածեք։ Շարունակում ենք բոյկոտը ու ավելի միասնական»,-գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ ավագանու անդամը տեղեկացրել է, որ հրատապ այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ ապօրինի հրամանները վարորդներին պարզաբանելու համար։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: