ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ կարձակվի, քանի որ նրա նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը վերացվել է։ Փոխարենը դատարանն ընտրել է խափանման միջոցների համակցություն՝ սահմանելով 10 միլիոն դրամ գրավ և արգելք՝ լքելու երկիրը, հայտնում է Արմենպրեսը։
Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր հունվարի 4-ին, իսկ հաջորդ օրը՝ կալանավորվել։ Նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար։
Հանրային մեղադրողը պահանջել է երկարացնել Տիրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը։ Պաշտպանության կողմը միջնորդել է Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել կալանքի հետ չկապված խափանման միջոցներով, այդ թվում՝ համակցված։
Խաչատրյանի գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հիշել է, որ մոտ 5 տարի առաջ նրա հետ միջոցառման է մասնակցել, հայտնում է Radar.am-ը։
«Նախագահող դատավորը մեղադրյալի հետ մոտ 4-5 տարի առաջ 1-2 անգամ մասնակցել է միջոցառման, մասնավորապես՝ ճաշկերույթի։ Նշված միջոցառման մասնակցությունը պայմանավորված չէ մեղադրյալով և նախագահող դատավորով, այլ՝ անձով։ Դատարանը կողմերին հայտնում է, որ բացի դա, վերոնշյալ դատավորը երբևէ մեղադրյալի հետ հանդիպում չի ունեցել»,- ասել է դատավորը։
Կողմերն այս հիմքով դատավորին բացարկի հիմքեր չեն տեսել, Տիրան Խաչատրյանն էլ նշել է, որ չի հիշում դատավորին։
Դատարանը նաև որոշել է, որ Տիրան Խաչատրյանի գործով ընդդատության խախտում չկա, Արցախում տեղի ունեցած զինվորական ենթադրյալ հանցագործության գործերի քննությունը ՀՀ իրավազորության ներքո է, հայտնում է «Փաստինֆոն»։
Դատավորը հարց է ուղղել՝ արդյոք պաշտպանական կողմը համարում է, որ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում։
Ի պատասխան փաստաբանը նշել է. «այսօր իրականացվող հայտարարությունների, ՀՀ տարածքային ամբողջականության․․․ իրավական հարթության մեջ՝ ՀՀ տարածքը ՀՀ իրավասության օրենսդրության ներքո գտնվող տարածքն է։ Հիմա՝ որտեղ է կատարվել՝ ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է՝ ԼՂ տարածքում։ Հիմա հասկանանք՝ դա ՀՀ տարածք է, Դուք իրավասություն ունե՞ք քննել այդ գործը, թե բնակավայրով պետք է քննվի, թե ՀՀ տարածք չէ»։
Մեղադրանքի կողմը, հղում անելով ՄԻԵԴ որոշումներին, ընդգծել է, որ մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ը ՀՀ-ն հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը, ուստի իրավասու է քննելու զինվորական ենթադրյալ հանցագործության գործերը։ Դատախազի պնդմամբ՝ իրավասության խնդիր չկա, քանի որ «առնվազն բարոյականության տեսանկյունից» ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքում։
Պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ հակադարձել է՝ «մեզ բարոյականության դասեր չտալ, մենք շատ վաղուց ենք սերտել բարոյականության, ակնհայտորեն՝ այս դատարանում չէ, որ պետք է բարոյականության հարցի շուրջ բանավիճենք»։ Նա նշել է, որ իրենք ակնկալում են լսել իրավական հիմնավորումները, թե ինչու է գործը քննում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Դատարանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել, որ գործը պետք է քննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ ՀՀ-ն իրավասու է քննելու ԼՂ տարածքում իրականացված զինվորական հանցագործության դեպքերը։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի պաշտոնում գտնվելիս, Տիրան Խաչատրյանը չի ապահովել լիարժեք կառավարման կետի ստեղծումը և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել մարտական գործողությունների ղեկավարման համար։ Հետաքննության վարկածով՝ ստեղծված իրավիճակից հակառակորդն օգտվել է՝ առանց խոչընդոտների գրավելով ռազմավարական բարձունքներ և պաշտպանական բնագծեր։
Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը վերաբերում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքին, որն առաջացրել է ծանր հետևանքներ։