Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, անդրադառնալով առաքելության մանդատը մինչև 2027 թվականը երկարաձգելու որոշմանը, ընդգծել է, որ այս որոշումը վկայում է առաքելության կարևորության մասին՝ Հարավային Կովկասի կայունության և Հայաստանի անվտանգության տեսանկյունից։
Ռիտերը նշել է, որ 2023 թվականի փետրվարից ի վեր՝ առաքելության գործունեության առաջին իսկ օրից, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է, հայտնում է Արմենպրեսը։
«Ակնհայտ է, որ մեր (խմբ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին», – նշել է Ռիտերը։
Մարկուս Ռիտերը հերքել է Ադրբեջանի այն պնդումները, թե ԵՄ առաքելությունն իրականացնում է հետախուզական գործողություններ և խոչընդոտում խաղաղ կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունն ամբողջությամբ թափանցիկ է։
«Ինչ վերաբերում է հետախուզական աշխատանքի մեղադրանքին, ապա դա կա հենց առաջին օրվանից, երբ մենք այստեղ ենք, իսկ մենք արել ենք նույնն, ինչ անում ենք հիմա: Մենք երբեք չենք փոխում սա։ Մենք բացահայտ պարեկություն ենք իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ մենք հայտնվում ենք սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում ենք այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն, որ մենք այնտեղ ենք։ Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում», – ասել է նա։
Ռիտերը նշել է, որ առաքելության ներկայությունը թույլ չի տալիս, որ կողմերից որևէ մեկը սահմանի վրա միակողմանի քայլեր իրականացնի՝ առանց միջազգային հանրության վերահսկողության։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմաններից հեռացնելու պահանջին՝ Ռիտերը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է դիտորդներին հետ քաշել արդեն սահմանազատված հատվածներից։
«Դա մեզ սահմանից հեռացնելու մասին չէ, այլ այն մասին է, որ սահմանամերձ տարածքներում, որոնք համաձայնեցված, սահմանազատված և հստակ նշված են, այլևս կարիք չկա, որ մենք ուղղակիորեն գնանք սահման: Մեզ համար լավ է այլևս չներկայանալ սահմանամերձ գոտում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այցելել գյուղեր, ֆերմաներ՝ սահմաններից ներս տեղակայված մարդկանց հետ զրուցելու համար», – ասել է նա։
Ռիտերի խոսքով, այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն երկու կողմերն էլ շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը։
«Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է», – ասել է նա։
Ռիտերը նշել է, որ երկրորդ մանդատի շրջանակում ԵՄ առաքելությունը կշարունակի իր աշխատանքը նույն ձևաչափով՝ պարեկություն իրականացնելով սահմանի երկայնքով, հաշվետվություններ պատրաստելով և աջակցելով հակամարտությունից տուժած բնակչությանը։
«Անցած դեկտեմբերից մենք այցելում ենք սահմանամերձ գյուղերի դպրոցներ՝ զրուցելու այնտեղի երեխաների հետ, աշակերտների հետ, բացատրելու նրանց, թե ով ենք մենք, ինչ ենք անում, ինչ է Եվրամիությունը, ինչ է ներկայացնում Եվրամիությունը։ Եվ այս գործունեությունը մենք ցանկանում ենք ավելացնել», – ասել է նա։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը մինչև 2027 թվականը՝ աջակցելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանը և նպաստելով միջազգային վերահսկողությանը։