AM
19 February 2025 - 06:52 AMT

Դավիթ Հարությունյանը կրկին դիմել է ՄԻԵԴ․ ԲԴԽ-ն չի կատարել ՍԴ-ի որոշումը

Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից, կրկին դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ԲԴԽ-ն չի կատարել ՍԴ-ի որոշումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը:

Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով)”,–ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հարությունյանի լիազորությունները դադարեցվել էին 2023 թվականի հուլիսի 3-ին՝ մամուլին տված հարցազրույցի պատճառով։ ԲԴԽ-ն նիստն անցկացրել էր դռնփակ՝ նշելով, թե դա համապատասխանում է արդարադատության շահերին։ ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, որը 2024-ի մայիսի 21-ին եզրակացրել էր, որ ԲԴԽ-ն նրա գործով այլ կերպ է մեկնաբանել հրապարակայնության սկզբունքին և դատական սանկցիաներին վերաբերող նորմերը, ուստի գործը ենթակա է վերանայման։