Փետրվարին ավտոբուսի 15 վարորդ է ազատվել աշխատանքից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով, վարորդները հեռացվել են ինչպես սեփական դիմումների համաձայն, այնպես էլ կարգապահական վարույթների արդյունքում, հայտնում է Auroranews.am-ը։
Փետրվարի 17-ին 48 համարի երթուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վարորդը ստացել է նկատողություն։
Լրագրողների հարցին, թե արդյոք ընկերությունում վարորդների պակաս կա, քանի որ աշխատանքի ընդունման հայտարարություն է հրապարակվել, Ասատրյանն արձագանքել է, որ պակաս չկա, շարունակում են ռեզերվի համալրումը։
«Մեկը սեփական դիմումի համաձայն է ազատվում, մեկը կարգապահական վարույթով է ազատվում, բայց էն հիմնական վակուումը ազատված վարորդների առումով՝ չկա, իսկ աշխատանքի ընդունման հայտարարությունը կա, որովհետև շարունակում ենք ռեզերվի համալրումը»,–ասել է նա։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: