Հայկական երեք ավանդական կուսակցություններ՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը (ՍԴՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) և Ռամկավար Ազգային Կուսակցությունը (ՌԱԿ), հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի և արցախահայության ներկա վիճակին, հայ համայնքի դիմագրաված մարտահրավերներին և ազգային հարցերի շուրջ համախմբման անհրաժեշտությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են։
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, ՀՅԴ Գլենդեյլի կենտրոնական գրասենյակում, որտեղ ներկա են եղել երեք կուսակցությունների Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հետապնդման հարցը, արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի պաշտպանությունը, Բաքվում գերեվարված Արցախի ղեկավարության և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակմանն ուղղված քայլերը, ինչպես նաև անկախ Հայաստանի պետականության ամրապնդմանն աջակցելու անհրաժեշտությունը։
«Ցեղասպան Թուրքիան և նրա գործընկեր Ադրբեջանը շարունակում են իրենց հայաջինջ քաղաքականությունը, ինչը սպառնալիք է մեր ժողովրդի համար նաև այսօր», – նշված է հայտարարության մեջ։
Կուսակցությունները որոշել են միասնական ջանքերով շարունակել Ապրիլյան ոգեկոչման միասնական կառույցի (AGC-UACLA) գործունեությունը՝ ապահովելով հայկական համայնքի լայն ներգրավվածություն 2025 թվականի ապրիլյան միջոցառումներին։ Բացի այդ, նախատեսվում է մշակել ազգային ու համայնքային համատեղ նախաձեռնություններ։
«Ակնյայտ է, որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են, և կրկին կանգնած ենք բարդ ճգնաժամերի ու աշխարհաքաղաքական վերափոխումների առջև։ Մեր կոչն է բոլորին համախմբվել ազգային կառույցների շուրջ, հավատարիմ մնալ մեր պահանջատիրությանը, ազգային արժեքներին ու իրավունքներին և գործնական մասնակցություն բերել ազգի անվտանգությունն ու բարօրությունն ապահովելու համար», – նշվում է հայտարարության մեջ։