Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ամենաանվտանգ» Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը նվազել է՝ մի մասն իրենց երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ է ուղարկում:
Նա նշել է, որ Կիրանցի հիմնական դպրոցն 2023-2024 ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այդ ուսումնական տարում ունի 34 աշակերտ:
«2024թ․ սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է․« Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»:
Սակայն Կիրանցի բնակիչներն այդպես չեն մտածում, նրանց մի մասն իրենց երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ է ուղարկում։
Կիրանցի հիմնական դպրոցն 2023-2024 ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այդ ուսումնական տարում ունի 34 աշակերտ։ Կիրանցի դպրոցի նոր շենքը Ադրբեջանի հետ սահման համարվող մեծ պատից մոտ 30 -40 մետր հեռավորությամբ է գտնվում։ Նախկինում հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո միջնակարգի կարգավիճակ է ստանալու, սակայն այդպես չեղավ»,–ասվում է գրառման մեջ։
Կիրանցի նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար։
ԱԺ-ում, ԿԳՄՍ նախարաության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Կիրանցի նոր դպրոցի շահագործման հարցին․ «Կիրանցի նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին, գործող դպրոցն այլ շենքում է։ Ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով ու պահանջով։ Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, որից հետո մենք պատրաստ ենք շահագործել թե՛ դպրոցի նոր շենքը, թե՛, եթե բնակիչների պահանջը լինի, կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի համար»։