Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել բակային բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ ընդգրկելով 7 բակ և կառուցելով 3 նոր ֆուտբոլի դաշտ, հայտնում է Արմենպրեսը։
Փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է իրականացրել՝ տեղում ծանոթանալով վերանորոգման ենթակա հատվածներին, ինչպես նաև դրանց համար արդեն պատրաստ նախագծերին։
«Այն հատվածներում, որտեղ նախատեսում ենք իրականացնել բակային հիմնանորոգման, բարեկարգման աշխատանքներ, շատ հաճախ հանդիպում ենք առանձնացված, ցանկապատված տարածքների։ Դրանք բոլոր տեղերում վերածվում են հիմնականում աղբանոցների։ Նմանատիպ տարածքները պետք է բացազատվեն, մաքրվեն և նոր հիմնանորոգված բակեր, ֆուտբոլի դաշտեր ստանանք, խաղասարքեր տեղադրենք։ Հանրային տարածքները պատկանում են բոլորին․ սա ամենակարևոր սկզբունքն է, որ Երևանի քաղաքապետարանը շատ կոշտ կերպով պաշտպանելու է և շարունակելու է առաջ տանել։ Կարծում եմ, Աջափնյակ վարչական շրջանում իրականացված նախորդ ծրագրերն ապացուցում են, որ այստեղ շատ արդյունավետ է աշխատում քաղաքապետարանի այս մոտեցումը»,- ասել է Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը նշել է, որ այս աշխատանքների համար նախատեսվել է ավելի քան 300 միլիոն դրամ։
«Հետագայում կտեսնենք, հնարավորության դեպքում՝ ավելի շատ կանենք։ Ունենք բակային հատվածներ, որոնք զավթված են և տարիներ շարունակ ցանկապատված են եղել․ բացազատելու ենք և փոխարենը բարեկարգ տարածքներ ստեղծենք»,- ընդգծել է Սարգսյանը՝ հավելելով, որ որոշ հասցեներում արդեն մեկնարկել են նախագծման աշխատանքները, իսկ մյուսներում՝ դրանք դեռևս մրցութային փուլում են։
Ներկայումս վարչական շրջանում ընթանում է թիվ 47 մանկապարտեզի բակի բարեկարգումը, իսկ նախատեսված աշխատանքների շրջանակում որոշ փողոցներում կիրականացվեն նաև սալիկապատման ու եզրաքարերի փոխարինման աշխատանքներ։ Բարեկարգված բակերում կտեղադրվեն նոր խաղասարքեր և մարզասարքեր՝ բնակիչների հանգիստն ու ժամանցն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով։