AM
19 February 2025 - 09:13 AMT

Գիրք նվիրելու օրը նշվում է շնորհանդեսներով, ներկայացումներով և ցուցահանդեսներով

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնը դարձել է հրաշալի առիթ՝ ծանոթանալու նոր հրատարակված գրքերին, հանդիպելու հեղինակներին, հարցեր ուղղելու, գրքեր ձեռք բերելու և նվիրելու մտերիմներին։

Այս օրը միավորել է գրադարաններին, թանգարաններին, հրատարակչություններին ու տարբեր կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս տարաբնույթ նախաձեռնություններով, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի գրողների միությունը, որը շուրջ երկու տասնամյակ առաջ այս օրը հայտարարել է Գիրք նվիրելու օր, փետրվարի 19-ին ժամը 13։00-ին ՀԳՄ պոեզիայի պուրակում կանցկացնի միջոցառում՝ նվիրված տոնին։ Գրողները կհանդիպեն Երևանի թիվ 48 դպրոցի աշակերտների հետ՝ զրուցելու գրականության և ընթերցանության մասին։

Հայաստանի ազգային գրադարանը փետրվարի 19-ին ժամը 11։30-ին հրավիրել է հեղինակներին, հրատարակիչներին, ընթերցողներին և գրադարաններին մասնակցելու տոնական միջոցառմանը։ Այդ օրը 15 մարզային և համայնքային գրադարաններ ՀՀ նախագահի անունից կստանան վերջին տարիներին լույս տեսած պահանջված մանկական և գեղարվեստական գրքեր։ Տոնի գեղարվեստական մասում ելույթ կունենան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» ծրագրի սաները։ Բացի այդ, գրադարանը ոչ միայն գրքեր կընդունի նվեր, այլև դրանք կտրամադրի ընթերցողներին՝ Տերյան փողոցի մուտքի մոտ տեղադրված գրքանիվից։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը տեղի կունենան տարբեր միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսով։ Միջոցառումների շրջանակում գրադարանի ներսում և դրանից դուրս կանցկացվեն տիկնիկային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում, ճանաչողական էքսկուրսիա Հայաստանի պատմության թանգարանում, նկարչական ցուցահանդեսներ և գիրք-նվերներ նորածիններին։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում փետրվարի 19-ին ժամը 14։00-ին կկայանա «Բանաստեղծուհու ներաշխարհը» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է Կապուտիկյանի գրական ժառանգությունը։ «Գիրք՝ լավագույններին» նախաձեռնության շրջանակում տուն-թանգարանի հետ համագործակցող դպրոցների լավագույն աշակերտները կկարդան բանաստեղծուհու ստեղծագործություններից հատվածներ և կստանան գրքեր նվեր։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կներկայացնի գրքային ընծայագրերի բացառիկ ցուցադրություն՝ թանգարանի ֆոնդերից ընտրված օրինակներով։ Ցուցադրության այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ, արևմտահայ և այլազգի մտավորականների կողմից միմյանց նվիրած գրքերին, դրանց ընծայագրերի բովանդակությանը և ձևավորմանը։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 7-ը։

Գիրք նվիրելու տոնը Հայաստանում արմատավորվել է 2008 թվականից՝ Հայաստանի գրողների միության երբեմնի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։