2024-ին ՀՀ–ում բրուցելոզի առաջնակի դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է եղել սննդային գործոններով։ ՀՀ–ում բրուցելոզի գրանցված դեպքերի բացարձակ ցուցանիշը մոտ 185 անգամ գերազանցում է ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշը, հայտնում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
Վերջին հինգ տարիներին ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի քանակը էապես չի տարբերվում ըստ տարիների, սակայն նկատվում է դեպքերի աճի որոշակի միտում: Հատկանշական է, որ Հայաստանում դեռևս շարունակվում են, հատկապես գյուղական բնակավայրերում, գրանցվել բրուցելոզի դեպքեր, որոնք էապես գերազանցում են ԵՄ անդամ երկրներում գրանցվող դեպքերի թվաքանակին: սա ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ հիշեցնել ոչ գործարանային արտադրության կաթնամթերքի վաճառքի և սպառման վտանգը վարակի տարածման տեսանկյունից և մասնագիտական անվտանգ աշխատանքի գործելակարգը։
Բրուցելոզը, որը հայտնի է նաև որպես «միջերկրածովյան տենդ», «մալթական տենդ» կամ «ալիքաձև տենդ», հանդիսանում է մարդու և կենդանիների համար ընդհանուր (զոոնոզ) վարակ, որը ներառված է հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Մարդիկ այս հիվանդությամբ վարակվում են հիմնականում հիվանդ կենդանիների խնամքի, մսի մշակման կամ ոչ պատշաճ ջերմային մշակում անցած կաթնամթերքի (հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր) օգտագործման հետևանքով։
Հիվանդությունն առավելապես տարածված է Եվրոպայի միջերկրածովյան երկրներում, Աֆրիկայի հյուսիսային և արևելյան հատվածներում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ասիայի և Ամերիկայի որոշ շրջաններում։ Այնուամենայնիվ, հաճախ դեպքերը մնում են չհայտնաբերված կամ չեն հաղորդվում։
2022 թվականին ԵՄ 29 երկրներ հայտնել են բրուցելոզի վերաբերյալ տվյալներ, որոնցից 18-ը գրանցել են ընդհանուր 226 հաստատված դեպք։ Եվրոպայում հիվանդության տարածվածության մակարդակը կազմել է 0.05 դեպք 100,000 բնակչի հաշվով, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը եղել է 9.4՝ 100,000-ի համար։
2023 թվականին Հայաստանում գրանցվել է 324 հաստատված դեպք, իսկ ցուցանիշը կազմել է 11` 100,000 բնակչի հաշվով, ինչը 183 անգամ գերազանցում է ԵՄ-ի ընդհանուր միջին ցուցանիշին։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է բրուցելոզի 329 առաջնակի հաստատված դեպք, որից 279-ը գյուղական բնակավայրերում, իսկ 35-ը՝ մինչև 18 տարեկանների շրջանում։
Բրուցելոզի կանխարգելումը հիմնված է ռիսկի գործոնների վերահսկման և կանխարգելման վրա: Կանխարգելման ամենաարդյունավետ ռազմավարությունը կենդանիների մոտ վարակի վերացումն է: Խոշոր եղջերավոր անասունների, այծերի և ոչխարների պատվաստումները խորհուրդ են տրվում բարձր տարածվածություն ունեցող էնզոոտիկ տարածքներում: Այն երկրներում, որտեղ կենդանիների վարակի վերացումը պատվաստումների կամ վարակված կենդանիների ոչնչացման միջոցով հնարավոր չէ, մարդկանց վարակի կանխարգելումը հիմնականում հիմնված է իրազեկվածության բարձրացման, սննդի անվտանգության միջոցառումների, աշխատանքային առողջության և լաբորատոր անվտանգության վրա:
Կաթի պաստերիզացումը ուղղակիորեն սպառելու և դրա ածանցյալների արտադրության համար, ինչպիսիք են պանիրը, կարևոր քայլ է կենդանիներից մարդկանց ֆեկալ-օռալ փոխանցումը կանխելու համար: Չպաստերիզացված կաթնամթերքից խուսափելու կրթական արշավները, ինչպես նաև դրանց վաճառքի դադարեցման քաղաքականությունը կարող են արդյունավետ լինել: