Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, ձեռք բերելով «Սև Բերդ» ամրոցը և 0.79 հա հողատարածքը, նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Համայնքի նախկին ղեկավարը 20.28 հա հողամասը բաժանել է 2 մասի՝ 19.28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեների։ Դրանց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրամադրվել են վկայականներ, որտեղ հողերի նպատակային նշանակությունը նշվել է որպես բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Սակայն Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը եղել է հատուկ պահպանվող գոտի։
2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրիի 1 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից 13 միլիոն դրամով ուղղակի վաճառքով օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակցին և մեկ այլ ընկերության ղեկավարի՝ Ս.Ջ.-ին։
Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքի հիման վրա գույքը գրանցվել է փոխկապակցված անձի սեփականության իրավունքի ներքո՝ պետությանը պատճառելով էական վնաս։ Հետագայում ապօրինի օտարված տարածքում իրականացվել է կառուցապատում, ինչի հետևանքով հատուկ պահպանվող տարածքները փաստացի դադարել են գոյություն ունենալուց, իսկ պետությունը կորցրել է դրանց տնօրինման իրավունքը։
Համայնքի նախկին ղեկավարի որդին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հողամասի ծագման աղբյուրը թաքցնելու և օրինական տեսք տալու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նշելով 4.9 միլիոն դրամ գին։ Ս.Ջ.-ն հետագայում հողամասը փոխանցել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում վերջինս ստացել է սեփականության իրավունքի պետական վկայական։
Բացի այդ, Սամվել Բալասանյանը նպատակադրվել է «Սև Բերդ» ամրոցի հարակից հողատարածքի ևս մեկ հատված դարձնել իր ընտանիքի սեփականությունը։ Այս գործընթացի շրջանակում դադարեցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող 19.28 հա հողատարածքի նկատմամբ, այն վերադարձվել է Գյումրի համայնքին, ապա բաժանվել 4 առանձին հողամասերի։
Այդուհետ, համայնքի նախկին ղեկավարը Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող 1.17 հա մակերեսով հատուկ պահպանվող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 15.387 միլիոն դրամով օտարել է Ս.Մ.-ին։ Ավելի ուշ համայնքի նախկին ղեկավարի որդին, հոր և Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրա գինը նշելով 16 միլիոն դրամ։
Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում), իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելուն կամ գերազանցելուն օժանդակելը)։
Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդու և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ երկրից բացակայելու արգելք։ Նրանց գործի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։
Հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։