AM
19 February 2025 - 13:44 AMT

Օսկանյան․ Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը՝ փոփոխության ժամանակը հիմա է

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։

Ըստ նրա՝ փոփոխության ժամանակը հիմա է․ Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը։

«Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները»,- գրել է Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ այս վտանգներն էլ ավելի են սրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկարողության պատճառով։

«Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։ Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։

Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության”,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։

«Նրա կառավարությունն անտեսել է հետախուզական նախազգուշացումները, անտեսել Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

«Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով»,–ասվում է գրառման մեջ։

Այս հերթական սխալ հաշվարկը, ըստ Օսկանյանի, վկայում է, որ Փաշինյանը չունի գլոբալ զարգացումների իրական ըմբռնում։ Հայաստանը պետք է աշխատի իր դիրքերը ամրապնդելու ուղղությամբ, այլ ոչ թե գործի աշխարհաքաղաքական վակուումում՝ անտեսելով միջազգային ուժերի բախումների տրամաբանությունը։

Նշվում է նաևմ, որ չնայած Ռուսաստանի թերություններին, այն պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։

«Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ»,–գրել է Օսկանյանը։

Նա հավելել է, որ այս ընթացքում Բաքվի պահանջները գնալով ավելի ծայրահեղ են դարձել։ Իլհամ Ալիևի ծրագրերը դուրս են գալիս Արցախի հարցից՝ ընդգրկելով Հայաստանի զինաթափման, ադրբեջանցիների վերաբնակեցման և տարածքային նոր զիջումների հեռանկարը, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը։

Այս ամենի դիմաց, սակայն, Փաշինյանի արձագանքը պասիվ է եղել։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։

“Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։

Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,- գրել է Վարդան Օսկանյանը։