Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ դատական գործընթացներից հետո միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես է եկել հրապարակումներով՝ բարձրաձայնելով, թե որքան իրավական և պատմական հիմնավորումներ կան իրենց սեփականության իրավունքի օգտին։
«ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը», «Ո՞ւմ հավատալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի՞ն, թե՞ ՀՀ դատախազության պաշտոնյային» հարցերով հանդես գալով՝ Միլիտոնյանը արձագանքել է դատախազության այն պնդումներին, թե Հայաստանի գրողների միությունը ՀՍՍՀ գրողների միության իրավահաջորդը չէ։
«Լրիվ հակառակն է։ ՀԳՄ ՀԿ-ն հանդիսանում է Հայկական ՍՍՀ-ում գործած գրողների միության իրավահաջորդը, քանի որ ՀԳՄ-ն հանդիսանում է նախորդող Հայաստանի գրողների միության բազայի վրա գործող կազմակերպություն։ Գրողների միության կազմը (նախագահ՝ Վահագն Դավթյան)՝ իր անդամներով, դուստր-ձեռնարկություններով (Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ), խմբագրություններով, գույքով միասնական են ՀԳՄ ՀԿ-ում, որի հասցեն է, սկսած 1951 թ.-ից, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3։ ՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, իսկ ՀՍՍՀ գրողների միությունը չի լուծարվել, այլ վերակազմակերպվել է և վերանվանվել է անկախ Հայաստանի ՀԿ-ի»,- նշել է Միլիտոնյանը:
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարելի է համեմատել «կաֆկայական դատական գործընթացի» հետ, հայտնում է Panorama.am-ը։
«Բայց ուրախալի է, որ դատավորներ կլինեն, որոնք կտեսնեն ճշմարտությունը։ Ես հրապարակումների միջոցով պարզաբանումներ եմ ներկայացնում, արձագանքում նաև դատախազության պաշտոնյայի այն հարցադրումներին, որոնք իրականության հետ քիչ կապ ունեն, կիսատ-պռատ են ներկայացնում հարցը։
Մենք ձգտում ենք իրավական գործիքներով մեր հարցերը պաշտպանել, արխիվում գտնում ենք հիմքերը, մեջբերումներ անում մեր «Գրական թերթ»-ից, որը 90-ից ավելի տարիներ հրատարակվում է։ Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է։
Մենք լայն մասշտաբով ենք ներկայացնում մեր գործունեությունը։ Դատախազությունը պետք է պատկերացնի, որ սա երեք օրվա ստեղծագործական միություն չէ, անցած տարի նշել ենք մեր միության 90 տարին»,- ասել է Միլիտոնյանը։
Նա նաև նշել է, որ ստեղծագործական այլ միությունները ևս կարող են հայտնվել նույն իրավիճակում։
«Թող չմտածեն, թե իրենց չեն դիպչելու»,- ընդգծել է նա։
2024 թվականից ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերի պետականացման գործընթաց։ Դատախազությունը պնդում է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական պահանջների խախտմամբ։
Ստեղծագործական միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։ Այս պահին ՀՀ գլխավոր դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է շենքերի սեփականության իրավունքի գրանցման օրինականությունը՝ պնդելով, որ Աբովյան 16 և Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել հասարակական կազմակերպություններին։