«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացրել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագիծը, հայտնում է «Հետքը»։
Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները մեկնարկել են դեռևս 2022թ․-ից և իրականացվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության։
ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ նախատեսվող հուշահամալիրի տարածքում կազմակերպված է շինարարական հրապարակ, հողային աշխատանքներնիրականացված են ամբողջ ծավալով, ընթացքում են հիմքերի բետոնացման աշխատանքները։
Հատիս լեռը հանգած հրաբուխ է, որն ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկում որպես երկրաբանական հուշարձան։ Սակայն, ըստ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, լեռան տարածքում շինարարական և հողային աշխատանքները օրենքով արգելված են։
Հատիս լեռան գագաթին նախատեսվում է կառուցել 44 մետր բարձրությամբ պատվանդան և 33 մետրանոց Հիսուս Քրիստոսի արձան։ Արձանը կպատրաստվի ալյումինե ձուլվածքով՝ ամրացված մետաղական հիմնակմախքի վրա, իսկ պատվանդանը կառուցվելու է երկաթբետոնից՝ տրավերտինե սալերով երեսպատմամբ։
Համալիրը բաղկացած է լինելու երեք հարթակից, որոնցում նախատեսվում են.
Առաջին հարթակում (-5,7 նիշ) նախատեսված է սրճարան և այլ ծառայություններ այցելուների համար,
Երկրորդ հարթակում (0 նիշ) լինելու է ցուցասրահ և սանհանգույցներ, վերին հարթակում՝ մուտք դեպի պատվանդան և աստիճաններ՝ նրա վերին հատված բարձրանալու համար։
Կառուցվելու է նաև 1300 մետրանոց ճոպանուղի, որը կապելու է Ակունք գյուղը մոնումենտալ արձանի տարածքի հետ։ Ճոպանուղին կունենա երկու կայան և նախատեսված է 12 մարդու տեղափոխման համար։
ՇՄԱԳ նախագծողները պնդում են, որ շինարարական աշխատանքները էական վնաս չեն հասցնի տարածքի կենսաբազմազանությանը, քանի որ այն երկար տարիներ ենթարկվել է անտրոպոգեն ազդեցության։ Միաժամանակ նշվում է, որ կենդանական աշխարհի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար ակտիվ շինարարությունը կկատարվի ձվադրման և բնադրման շրջանից դուրս։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախկինում վարույթ էր հարուցել, սակայն այն կարճել է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Հատիս լեռան ամբողջ տարածքը համայնքապատկան է։
Չնայած Հատիս լեռը ճանաչված է որպես բնության հուշարձան, նրա անձնագիրը դեռևս կազմված չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Կառավարության նիստում հայտնել էր, որ նախագիծը ստացել է նախնական դրական գնահատական։ Դրանից երկու օր անց Գագիկ Ծառուկյանը հայտարարեց Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկի մասին։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 36 ամսվա ընթացքում։ Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև 4950 քմ կանաչապատում, որում նախատեսվում է տնկել 12,650 կիպրոս, 2380 թզուկ վարդեր և 4950 քմ սիզամարգ։
Բնապահպանական միջոցառումների համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նախատեսել է հատկացնել 2 մլն 780 հազար դրամ