AM
19 February 2025 - 14:25 AMT

ՔԿ․ 44-օրյայի 82 մասնակցի աճյուն դեռ չի հուղարկավորվել

44-օրյա պատերազմից 4․5 տարի անց 82 զինծառայողի աճյուն դեռևս չի հուղարկավորվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։

«Ագրեսիայի հետևանքով զոհված 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ 2024 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում»,- հայտնել է ՔԿ խոսնակը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անցած շաբաթ հայտարարել է, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց արդյունքների հետ ծնողները համաձայն չեն։ Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հաստատված ԴՆԹ նույնականացման որոշ պատասխաններ ընդունվել են ծնողների կողմից, սակայն դրանց թիվը փոքր է։

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը երկու տարի առաջ հայտնել էր, որ այն զինծառայողների մասունքները, որոնց հարազատները չեն վերցրել, հուղարկավորվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհված, նույնականացված, սակայն հարազատների կողմից նույնականացումը չընդունած զինծառայողների մասունքները դեռ չեն հուղարկավորվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։