AM
20 February 2025 - 07:15 AMT

«Բուքուբորան». Վուդս կենտրոնում փետրվարի 22-23-ին գրատոն կանցկացվի

Փետրվարի 22-ին և 23-ին Վուդս կենտրոնում կանցկացվի «Բուքուբորան» գրատոնը։ Կներկայացվեն տպագիր ու էլեկտրոնային գրքեր, կառաջարկվի գեղարվեստական ու մասնագիտական գրականություն, հնարավոր կլինի ծանոթանալ տեքստային ու ձայնային բովանդակություններին:

«Ձեզ կուղեկցեն գրական կերպարներ, որոնք առնչվում են գրքի արտադրությանը և տարածմանը` տպագրիչներ, հրատարակիչներ, գրականագետներ, գրավաճառներ: Կունկնդրեք ոլորտի մասնագետների և հայտնի անհատականությունների դասախոսությունները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վուդսում այցելուներին կհյուրընկալեն գրական ամենատարբեր ուղղվածության համայնքները, գրադարաններն ու գրական ակումբները, նրանք կվայելեն գրքասերների ստեղծած յուրահատուկ գրական մթնոլորտը: Թղթային լուծումներով ծառայություններ առաջարկող ընկերությունները հատուկ ցուցասրահներում կներկայացնեն իրենց արտադրանքի նմուշները: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան Մատենադարանը և Գրականության ու արվեստի թանգարանը։ Ժամանակակից հայ գրողների հետ հնարավոր կլինի անհատապես շփվել «Գրողի ծոց» խոստովանության խցում` առանց զրուցակցի դեմքը տեսնելու:

Բոլորիս քաջ ծանոթ գրողների մտքերը նոր կյանք կստանան արտիստների ընթերցումների միջոցով: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել «էսսսսէ» մրցույթին ու հաղթելու դեպքում տպագրել իր ստեղծագործությունների բրոշյուրը:

«Անպայման բարձրացեք Վուդսի տանիք, որտեղից ձեր առջև կբացվի Ազգային պարկի անտառային լանդշաֆտը: Վուդսում ձեր օրը խիստ հագեցած կլինի մշակութային ու գրական ժամերով, կարող եք հանգստանալ թեմատիկ կոկտեյլ բառ-արանում, լիցքաթափվել երեկոյան համերգներին, տրվել սթենդ-ափ շոուի զվարճանքին, դիտել դոկումենտալ գրաֆիլմեր: Հայաստանյան հրատարակչություններն իրենց լավագույն արտադրանքը կվաճառեն տոնական զեղչով: Այս ձմռան վերջին շաբաթ-կիրակին անցկացրեք Վուդսում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Անվճար ավտոբուսները Հանրապետության հրապարակից՝ ժամը 13:30-ից սկսած, ցանկացողներին պարբերաբար կտեղափոխեն Վուդս և կվերադարձնեն քաղաք:

Մուտքն ազատ է: