Եթե քաղաքացին մինչև նոյեմբերի 1-ը հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի, ինչպես նաև չի կորցնի սոցիալական վճարի փոխհատուցման հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Դավթյանի խոսքով՝ հերթագրումների վիճակը նույնն է․ Երևանում առցանց ամրագրումները հասնում են մինչև հուլիս, իսկ մարզերում քաղաքացիները կարող են սպասարկվել թե՛ առցանց հերթագրմամբ, թե՛ առանց նախապես ամրագրելու։
«Այն շտապողականությունը, որը կար՝ մինչև մայիսի 1-ն անպայման ձեռք բերել նույնականացման քարտեր, հիմա չկա, քանի որ ժամկետը տեղափոխվել է նոյեմբերի 1։ Իսկ հայտարարագիր լրացնելու պարտավորությունը նոյեմբերի 1-ից հետո ձևավորվելու է միայն սոցիալական քարտը ստանալուց հետո»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ քաղաքացիները ստիպված չեն լինի հերթերի պատճառով մեկնել հեռավոր մարզեր, քանի որ Երևանի հերթագրման համակարգը դեռևս թույլ է տալիս սահմանված ժամկետում գրանցվել։ Հետևաբար, այս պահին իրարանցում չկա։
«Բայց սա ևս էքստաօրդինար ծանրաբեռնվածություն է մեր համակարգի համար, այն աշխատում է 24/7 ռեժիմով։ Տպագրական ենթակառուցվածքը երբեմն խափանումներով է աշխատում, շաբաթվա մեջ 1-2 անգամ փորձում ենք շատ արագ վերացնել խնդիրները, տեխնիկական խումբը կազմ-պատրաստ է միշտ։ Եթե զանգերի կենտրոնում ունենում ենք բողոքներ, որ անձը չի կարողացել իր իրավունքն իրացնել տեխնիկական խնդրի պատճառով, անպայման արտահերթ սպասարկման տարբերակ ենք առաջարկում»,– նշել է Դավթյանը։
Նա ընդգծել է, որ որքան էլ համակարգի թողունակությունը մեծացնեն, միևնույն է, պահանջարկն այսօր մի քանի տասնյակ անգամ գերազանցում է հնարավորությունները։
Խնդրի մշտական ու երկարաժամկետ լուծումը, ըստ Դավթյանի, նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի գործընթացը մեկնարկել է։ Ապրիլից ընտրված կլինի հաղթող ընկերությունը, որից հետո կսկսվեն նոր ենթակառուցվածքների ներդրման աշխատանքները։
Մինչ այդ ընթացիկ ենթակառուցվածքների հզորացման ուղղությամբ ևս միջոցներ են ձեռնարկվում, և այդ նպատակով տպիչ մեքենաների արտադրող գերմանական ընկերության մասնագետներ են հրավիրվել Հայաստան։
Վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ունեցող անձինք պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին կատարել է սոցիալական ծախս, ապա նա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։ Սոցիալական ծախսերի մեջ ներառվում են առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը և ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։