Փետրվարի 20-21-ը ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներնարգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 877 քաղաքացու, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Առատ ձյան տեղումների պատճառով արգելափակված ավտոմեքենաների մասին ահազանգեր են ստացվել Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի փրկարարական ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում։
Արգելափակված մեքենաներ են եղել ինչպես Երևանում, այնպես էլ Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, Գագարին, Զովաբեր, Սառնակունք, Գարգառ, Տաթև, Շինուհայր, Ոսկեպար, Չինչին գյուղերում։
Ձնաբքի պատճառով բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Սոլակ-Բջնի, Սոլակ-Ալափարս, Ջրամբար-Հարթավան, Ծաղկահովիտ-Կանիաշիր, Հարթավան-Երնջատափ, Վանաձոր-Ալավերդի, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի-Բագրատաշեն, Գորայք-Անգեղակոթ, Աղվանի-Տաթև, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։
Փետրվարի 20-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ճանապարհին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի արդյունքում բախվել են մեկ տասնյակից ավելի մեքենաներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ևս մեկ օպերատիվ խումբ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են երեք ավտոմեքենա, ինչպես նաև փակել գազի բալոնների փականները՝ անվտանգությունը պահպանելու համար։
Պարեկային ծառայության և ճանապարհաշինարարների աջակցությամբ վթարված մեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատվածից և տեղափոխվել ավտոքարշակի միջոցով․ ճանապարհը կրկին դարձել է երթևեկելի։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվել են, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տեղում իրականացվում են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ երթևեկությունը հնարավորինս ապահովելու նպատակով։
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 20-23-ը Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են սպասվում, ընդ որում՝ փետրվարի 20-ին և 21-ին առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, դրանք կլինեն առատ։