Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավտոբուսների համար երբեք ձմեռային անվադողեր չեն գնվել, քանի որ դրանք շահագործվում են համասեզոնային անվադողերով։
«Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց և հայտարարեց, որ «ավտոբուսները կանգնած են փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադողեր չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։ Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր։
Ավտոբուսների համար երբեք ձմեռային անվադողեր չեն գնվել, քանի որ դրանք շահագործվում են համասեզոնային անվադողերով։ Պարոն Մարությանը կա՛մ գիտի այդ մասին, բայց պոպուլիզմով է զբաղվում՝ փորձելով իր՝ զրոյին ձգտող վարկանիշը բարձրացնել, կա՛մ չգիտի, ինչը թերևս ավելի վատ է, քանի որ շուրջ երեք տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը տրանսպորտի ոլորտում տարրական մանրամասների չի տիրապետում», – գրել է Գալջյանը։
Նա հրապարակել է Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ ավտոբուսների անվադողերի ձեռքբերման մրցույթի տվյալները՝ ընդգծելով, որ Higer (Հայգեր) մակնիշի 7.7 մետրանոց ավտոբուսների համար ձեռք են բերվել համասեզոնային անվադողեր (մրցույթի ծածկագիր՝ ԵՔԵԱ-ԲՄԱՊՁԲ-20/2)։
«Փոխարինվել են հոկտեմբեր-նոյեմբերին՝ ՄԱՆ 87 միավոր, Ժոնգ Տոնգ 391 միավոր (դեկտեմբերին), Հայգեր 103 միավոր, բոլորը համասեզոնային, իսկ փոքր դաս՝ 100 միավոր ձմեռային։ Հայգերի, ԺԹ-ի և փոքր դասի անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ, ՄԱՆ-ի դեպքում՝ մինչև 120,000 կմ։ Ներկա պահին փոքր դասի և Հայգերի անվադողերը շահագործվել են մինչև 15,000 կմ, իսկ ՄԱՆ և ԺԹ՝ մինչև 25,000 կմ», – նշել է նա։
Գալջյանը նաև հայտնել է, որ հաջորդ օրը ևս մեկ փաստ կտրամադրի Մարությանի պաշտոնավարման շրջանի վերաբերյալ՝ դատողությունները թողնելով հանրությանը։
Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքներին, Գալջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները դեռ առավոտից ակտիվորեն շարունակում են փողոցների և բակերի անցանելիությունն ապահովելու աշխատանքները։
Երևանում առատ ձյան պատճառով փետրվարի 20–ի երեկոյան երթևեկությունը կաթվածահար էր եղել, մեծաքանակ ավտոբուսներ չէին երթևեկում, իսկ փետրվարի 21-ին դպրոցներում դասերը հետաձգվել են։