AM
21 February 2025 - 07:27 AMT

Ավինյանը կոչ է արել զերծ մնալ սեփական մեքենաներով երթևեկելուց, գործատուներին՝ հեռավար աշխատանքի անցնել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել փետրվարի 21-ին տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խուսափել անձնական ավտոմեքենաներով տեղաշարժվելուց, իսկ եթե դա անխուսափելի է, ապա երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նա նաև դիմել է գործատուներին՝ առաջարկելով, եթե հնարավորություն կա, այդ օրը աշխատանքի անցնել հեռավար ձևաչափով։

«Բոլոր այն գործատուները, որոնք հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կազմակերպել հեռավար, խնդրում ենք հենց այդպես էլ իրականացնել։ Վաղը սպասվում են ձյան ամենաառատ տեղումները, և քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով»,- նշել է Ավինյանը։

Ավինյանը երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյունը կանխատեսելի էր:

«Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին, և մենք շարունակաբար աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով՝ ձնամաքրման ու ճանապարհների անցանելիության ապահովման համար։

Վաղը մեզ սպասվում է ավելի ծանր և դժվար օր, քանի որ տեղումների ինտենսիվությունը չի նվազելու»,–գրել է նա։

Նա նաև նշել էր, որ ձյան ինտենսիվ տեղումների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում երթևեկությունը խաթարվել է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար դժվարություններ է առաջացրել: Սոցիալական մեդիայում տարածված տեսանյութերում երևում է, որ որոշ բնակիչներ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի կարողանան տեղաշարժվել:

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ հանրային տրանսպորտի մի մասը շահագործվում է առանց ձմեռային անվադողերի, ինչն էլ, իրենց պնդմամբ, պատճառ է դարձել դժվարին երթևեկության համար:

Քաղաքապետ Ավինյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունները՝ երեկոյան հայտարարելով, որ «Երևան ավտոբուսի» տրանսպորտային միջոցները համապատասխանաբար հագեցած են ձմեռային կամ համասեզոնային անվադողերով:

«Թե՛ տրոլեյբուսների, թե՛ ավտոբուսների անվադողերը կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը խնդիրներ չի ունենում», – ընդգծել է նա՝ հավելելով, որ համապատասխան ծառայությունները աշխատում են շուրջօրյա ռեժիմով: