AM
21 February 2025 - 08:20 AMT

Սկսվել է ուսուցիչների հերթական ատեստավորման հայտագրումը

Ուսուցիչների հերթական ատեստավորման հայտագրումը մեկնարկել է և կշարունակվի մինչև մարտի 15-ը։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ դպրոցների տնօրեններն արդեն կարող են ներկայացնել, թե իրենց ուսուցիչներից ովքեր են ենթակա ատեստավորման։

«Այս տարի ատեստավորմանը պետք է մասնակցեն բոլոր այն ուսուցիչները, որոնց հնգամյա շրջափուլը լրացել է, ինչպես նաև նրանք, որոնք առարկայական գիտելիքների խորացման կարիք ունեն, և 1-5 տարվա փորձ ունեցող ուսուցիչները։ Այս խումբը, ըստ հետազոտությունների, ապահովում է ամենացածր արդյունավետությունը։ Այդ պատճառով նրանց համար ամեն տարի ստեղծվում է այս հնարավորությունը՝ վերապատրաստվելու նպատակով», – նշել է Սվաջյանը, հայտնում է Արմենպրեսը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ նոր համակարգի ներդրման արդյունքում ատեստավորումն անցկացվում է մասնագիտական կարիքի գնահատման հիման վրա։ Հայտագրման և կարիքի գնահատումից հետո ուսուցիչները սկսում են վերապատրաստման գործընթացը։

«Նախորդ տարի գնահատված ուսուցիչներն այժմ դեռ գտնվում են իրենց եռամյա և հնգամյա շրջափուլերում։ Նախկինում ուսուցիչները պետք է ամբողջական վերապատրաստում անցնեին մեկ տարվա ընթացքում, սակայն այժմ նրանք կարող են ընտրել՝ որ մոդուլը որ տարում ուսումնասիրել։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս գործընթացն ավելի հավասարակշռված կազմակերպել՝ առանց աշխատանքին խոչընդոտելու», – հավելել է նա։

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Սվաջյանը նշել է, որ արդեն 20%-ից ավելի ուսուցիչներ կամավոր մասնակցել են գործընթացին։

«Գրեթե բոլոր դպրոցներում կա գոնե մեկ կամավոր ատեստավորված ուսուցիչ, իսկ որոշ դպրոցներում այդ ցուցանիշը հասնում է 50, 70 և նույնիսկ 90 տոկոսի», – ընդգծել է նա։

Նա նաև հավելել է, որ 2025-ին կամավոր ատեստավորվող ուսուցիչների թիվը կավելանա, իսկ էլեկտրոնային համակարգի ներդրումը մեծապես նպաստել է այս գործընթացին։

«Չնայած սկզբնական մտավախություններին՝ համակարգը ուսուցիչների համար դարձել է ավելի հասանելի, քանի որ այն հնարավորություն է տալիս խնայել ժամանակը և տեղում տեսնել պատասխանները», – եզրափակել է Սվաջյանը։