AM
21 February 2025 - 11:28 AMT

Երևանում 24 ժամում գրանցվել է շտապօգնության 831 կանչ

Փետրվարի 20-ի առավոտյան 9:00-ից մինչև փետրվարի 21-ի առավոտյան 9:00-ն, Երևանի շտապօգնության ծառայությունը արձանագրել է 831 կանչ։ Այդ մասին հայտնել է «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առատ ձյունը լուրջ դժվարություններ է առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ է առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։

Գրիգորյանը նշել է, որ ստացված կանչերից 7-ը կապված են եղել ճանապարհատրանսպորտային պատահարների, 1-ը՝ վրաերթի հետ, իսկ ևս 7-ը՝ սառույցի վրա ընկնելու դեպքերի։

«Կարելի է ասել՝ մենք ամեն օր ունենում ենք վթարների, վրաերթի կանչ, ու այս 7 դեպքը չի համարվում շատ մեծ թիվ։ Նախորդ տարիների համեմատ այս ծավալի ձյան պայմաններում երեկ և այսօր կանչերի թիվը համեմատաբար քիչ է եղել։ Հնարավոր է՝ նաև այնպես լինի, որ ոչ բոլորն են շտապօգնություն կանչում․հնարավոր է՝ վթարների դեպքերը շատ են, ու մարդիկ իրենց միջոցներով են տեղափոխել հիվանդանոց։ Իմ նշած տվյալները նրանք էին, որոնք պատահարից հետո դիմել են շտապօգնություն»,- ասել է Գրիգորյանը։

Շտապօգնության տնօրենը հայտնել է, որ եղել է միայն մեկ դեպք, երբ իրենց անձնակազմը չի կարողացել հասնել կանչի վայր։ Խնդիրը կապված է եղել ճանապարհների վտանգավոր վիճակի հետ․ Նոր Նորքում գրանցված գլխացավի դեպքի համար շտապօգնությունը զանգահարել ու տեղեկացրել է, որ տվյալ պահին տեղաշարժվելն անվտանգ չէ՝ առաջարկելով ցավազրկող ընդունել։ Գրիգորյանի խոսքով՝ այս առաջարկն ըմբռնումով է ընդունվել, և շտապօգնության ծառայությունից հրաժարվել են։

Նա անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հրում շտապօգնության մեքենան։ Որոշ օգտատերեր կարծիք են հայտնել, որ մեքենան ամառային անվադողերով էր։

«Պատասխանատու ձևով վստահեցնում եմ՝ Երևանում չկան շտապօգնության այնպիսի մեքենաներ, որոնց անվադողերը լինեն ամառային կամ համասեզոնային․բոլորը սահմանված ժամկետում ու նույնիսկ ավելի շուտ փոխարինվել են ձմեռային անվադողերով, ու դրանք բոլորը եղել են նոր։ Նախորդ տարվա անվադողերը մենք չենք գործածում։ Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ կան նորմեր, ըստ որոնց՝ շտապօգնության մեքենան տարեկան որոշակի կիլոմետր պետք է քշի, որից հետո պետք է փոխել անվադողերը։ Մենք ամեն տարի պարտադիր ձմեռային նոր անվադողեր ենք առնում՝ անկախ նրանից, թե նախորդ տարվանն ինչ վիճակում է։ Մեր աշխատանքը մարդկանց կյանքի հետ է կապված, հետևաբար՝ ամեն ինչ պատասխանատու ձևով պետք է անենք»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 20-ին եղել է 15 դեպքեր, երբ քաղաքացիները ստիպված են եղել հրել շտապօգնության մեքենան՝ այն տեղաշարժելու համար։ Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, ապա, ըստ Գրիգորյանի, տվյալ մեքենան կանչի մեջ չի եղել, այլ ուղղվել է տեխսպասարկման։ Մեքենայի ճանապարհը սառած է եղել, ինչի հետևանքով ներսում գտնվող շտապօգնության աշխատակիցներն իջել, օգնել են այն տեղաշարժել, և խնդիրը լուծվել է։

«Այստեղ արտասովոր որևէ բան չի եղել․ եթե ամառային անվադողերով լինեին, ապա, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվեի նաև ես»,- հավելել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի շտապօգնության աշխատանքը չընդհատվի։ Աշխատակազմն այսօր վաղ առավոտից գործի է անցել՝ ստուգելով բոլոր մեքենաների տեխնիկական վիճակը ենթակայաններում։

Ձյան առատ տեղումները զգալի խնդիրներ են առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյից մայրաքաղաքի ճանապարհները գրեթե ամբողջովին փակվել են, ինչն առաջացրել է խցանումներ ու վթարներ։

Քաղաքային ծառայությունները չեն հասցրել ժամանակին իրականացնել մաքրման աշխատանքները, ինչի հետևանքով դպրոցներն ու մի շարք բուհեր անցել են հեռավար ուսուցման կամ չեղարկել դասերը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը նախորդ շաբաթվա ընթացքում բազմիցս զգուշացրել էր սպասվող ցիկլոնի մասին։