AM
21 February 2025 - 11:34 AMT

Հանցավոր խումբը, ներկայանալով վարկերի տրամադրման միջնորդ, խոշոր գումարներ է հափշտակել

Հանցավոր խումբը, ներկայանալով վարկերի տրամադրման միջնորդ, iրականացրել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 միլիոն 36 հազար դրամ գումար և գույք։

«Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր կողմից հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման գործող կազմակերպությունների անունից, որոնք ներկայանում էին որպես վարկային ընկերություններ, ֆեյսբուքյան սոցիալական ցանցում վճարովի գովազդի միջոցով տարածել է հայտարարություններ, որոնցում խոստացվել են շահավետ պայմաններով վարկեր»,– տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հանցավոր խմբի անդամները, օգտվելով այս հայտարարություններից, դիմողներին հրավիրել են իրենց գրասենյակներ, ներկայացնելով, թե 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են ապահովել բանկերից և վարկային կազմակերպություններից վարկերի ստացումը։

Այնուհետև նրանք դիմած անձանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, որտեղ ձեռք են բերել տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ համոզելով, թե անհրաժեշտ է նախապես կատարել հաշվարկներ, վաճառել ապրանքները և հաշվարկել միջնորդավճարները։ Սակայն խոստացված գումարները քաղաքացիներին չեն տրամադրել և դրանք հափշտակել են։

Բացի այդ, Ա.Ս.-ն ու խմբի մյուս անդամները կիրառել են խարդախության այլ մեթոդներ․ նրանք պարզել են դիմողների անձնական տվյալները, նրանց անունով հաշիվներ են գրանցել վճարային համակարգերում և դրանց միջոցով վարկային կազմակերպություններից առցանց գումարներ ստացել, որոնք չեն փոխանցել տերերին, այլ կանխիկացրել ու յուրացրել են։

Բացի դրանից, հանցավոր խմբի անդամները հաճախորդներին ուղեկցել են բանկերի մասնաճյուղեր, խաբեությամբ ձեռք բերել նրանց բանկային հավելվածների մուտքային տվյալները, այդ եղանակով ստացած վարկային գումարները փոխանցել այլ հաշիվների և կանխիկացնելով՝ հափշտակել։

Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն վարձակալել են երկու գրասենյակային տարածք՝ դրանք ներկայացնելով որպես վարկային կազմակերպության զանգերի կենտրոն։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականատերերը հայտնաբերել են, որ վարձակալները հափշտակել են այնտեղ առկա գույքը։

Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելը)՝ երկու դրվագով։

«Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ։