AM
22 February 2025 - 08:34 AMT

Մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի՝ վատ եղանակային պայմանների պատճառով։

Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։ Բքի պատճառով փակ են նաև Ֆանտան-Ջրաբեր և Կապուտան-Հատիս-Զովաշեն ճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Երևան-Մեղրի ճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Մեղրի բեռնատարների համար ճանապարհները փակ են, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի, եթե չեն օգտագործվում անվաշղթաներ։

Լոռու մարզի բոլոր ճանապարհները, ինչպես նաև Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը, փակ են բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի ձյան և մառախուղի պատճառով։

Սյունիք գյուղից Տաթև տանող ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ճանապարհը՝ բեռնատարների համար։ Սպիտակ-Գյումրի ճանապարհը նույնպես փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի։

Դիլիջանի ոլորաններով երթևեկությունը դժվար է կցորդիչով բեռնատարների համար։

Տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մ-2-ից դեպի Ջերմուկ, Մ-3-ից դեպի Շենքանի գյուղ, Տիգրանաշենի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն իրականացվում է դժվարությամբ։

Ձյուն է տեղում Սյունիքի մարզում, ինչպես նաև Մասիս, Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում։

Մերկասառույց է նկատվում Արագածոտնի մարզի և Ալագյազի տարածաշրջանի ճանապարհներին, ինչպես նաև Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի մոտ։ Բուք է Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում։

Երևան-Սևան ավտոճանապարհի 25-40 կմ հատվածում, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան, Չարենցավան-Արզական ճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում նույնպես բուք է։

Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 22-23-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, իսկ լեռնային գոտիներում՝ բուք և հորիզոնական տեսանելիության նվազում։ Փետրվարի 24-25-ին, ինչպես նաև 26-ի գիշերը, առանձին շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 25-ին այն կհասնի 17-20մ/վ, իսկ 24-ին և 26-ին՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, իսկ փետրվարի 25-ին՝ կեսօրից հետո՝ թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը և 26-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։

Փետրվարի 22-ին ցերեկային ժամերին Երևանում ջերմաստիճանը կկազմի -2-ից -4 աստիճան, իսկ երեկոյան այն կնվազի մինչև -5…-7 աստիճան։