AM
22 February 2025 - 11:30 AMT

Իրավապաշտպաններն Էդգար Ղազարյանի դեմ քրգործը համարում են քննադատական խոսքը լռեցնելու փորձ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։

«Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։

Նշվածի հիման վրա նրանք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով՝ իրավապաշտպաններ Արսեն Բաբայան, Սերգեյ Հարությունյան, Վարազդատ Հարությունյան, Վահան Հովհաննիսյան, Ռուբեն Մելիքյան։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել մինչև 5 տարվա ազատազրկման։ Մինչ այդ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ հարցաքննության։