Փետրվարի 20-ից սկսած՝ առատ ձյան տեղումների պատճառով ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը անցել են ուժեղացված ծառայության՝ հանրապետության ամբողջ տարածքում։
Վերջին երկու օրերի ընթացքում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց և օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։
Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների ու ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ համապատասխան ծառայությունները նաև աջակցել են ձնամաքրման աշխատանքներին։
Փետրվարի 20-21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։
Տեղումների հետևանքով գրանցված վթարների արդյունքում զոհեր չեն եղել։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում են ՆԳՆ-ից։
Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ՝ սպասվող ջերմաստիճանի նվազման պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթացող աշխատանքներին անձամբ հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Առատ ձյունը լուրջ դժվարություններ է առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ էր առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։ Ձյան տեղումները կշարունակվեն նաև փետրվարի 22–ին և 23–ին։