AM
24 February 2025 - 07:49 AMT

Տոնոյան․ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները բլոգեր Բելլային աջակցելու համար

Հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի Բելառուսում ձերբակալման թեմային, որը վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության շրջանում։

«Թեման բավական զգայուն է և պահանջում է բազմակողմանի մոտեցում։ Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Ներկա պահին հավելյալ մանրամասներ չեն հրապարակվում, քանի որ նման հարցերի դեպքում՝ հատկապես այլ պետության տարածքում և տվյալ երկրի օրենսդրության շրջանակում, անհրաժեշտ է ցուցաբերել մեծ զգուշություն։

«Նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։ Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում»,–ասվում է գրառման մեջ։

Բելառուսում բլոգեր Բելլային ձերբակալման մասին առաջինը հայտնել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Բելլային Բելառուսում 15 օրով ձերբակալել են, ըստ Լապշինի, նրան մտադիր էին հանձնել Ադրբեջանին, սակայն բարձրացած աղմուկի պատճառով դա չի ստացվել։ Բելլան ունի Հայաստանի և Բելառուսի երկքաղաքացիություն։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով․Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական թշնամանքի կամ հակակրանքի հրահրում և այլ։