AM
24 February 2025 - 07:59 AMT

Նախարար․ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արյան դոնորությանը նվիրված միջոցառման ժամանակ, շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող նորաբաց Արյան բանկն ապահովված է ինչպես մասնագետներով, այնպես էլ ժամանակակից սարքավորումներով, սակայն առանց քաղաքացիների մասնակցության՝ այս ջանքերը կարող են ապարդյուն լինել։

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- նշել է նախարարը։

Նա կոչ է արել քաղաքացիներին ավելի ակտիվ ներգրավվել արյունատվության գործընթացում։

«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ արյան կարիքը չի կարող պայմանավորված լինել միայն արտակարգ իրավիճակներով. այն անհրաժեշտ է ամեն օր։

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ եթե կազմակերպություններ լինեն, որոնց աշխատակիցները պատրաստ կլինեն արյուն հանձնել, ապա շարժական կայանը կարող է տեղում կազմակերպել արյունատվության գործընթացը՝ դյուրացնելով դոնորների մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ՝ կարևորելով նման միջոցառումների նշանակությունը պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև արյան դոնորության մշակույթի զարգացման տեսանկյունից։

Միջոցառումը նաև հարթակ է ստեղծել նոր դոնորներ գտնելու համար, ովքեր պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն հանձնել՝ նպաստելով առողջապահական համակարգի կայունությանը։

Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր քննարկել են արյան դոնորության ոլորտում առկա հիմնախնդիրները։