AM
24 February 2025 - 08:29 AMT

Քաղաքապետ․ ԱՊՊԱ-ն Երևանի համար աղետ է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման ընթացքին՝ ընդգծելով, որ ձյան տեղումների առաջին օրը տեխնիկայի որոշ ուշացման հետևանքով հատկապես Արաբկիրում առաջացել են ծանր խցանումներ։

Սակայն, նրա խոսքով, խցանումների մոտ 80 տոկոսը պայմանավորված է եղել վթարներով, որոնք էլ առաջացել են ամառային անվադողերով երթևեկելու հետևանքով, հայտնում է Radar.am–ը։

«Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։ Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել այստեղ։ Մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ սա խոչընդոտել է նաև տեխնիկայի դուրս բերմանը։

Տիգրան Ավինյանը հավելել է. «Հաջորդ օրը Երևանի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված էին»։

Առատ ձյունը լուրջ դժվարություններ էր առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ էր առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։ Ձյան տեղումները կշարունակվեն նաև փետրվարի 22–ին և 23–ին։